Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես Իրանի, այնպես էլ բոլոր արտաքին դերակատարների հետ պետք է փնտրել համադրելի շահեր և դրանք առաջ մղելով՝ պահպանել հայկական դիրքերը, ինչը բավականաչափ բարդ է, բայց հնարավոր է․ արևելագետ

Ինչպես Իրանի, այնպես էլ  բոլոր արտաքին դերակատարների հետ պետք է փնտրել համադրելի  շահեր և դրանք առաջ մղելով՝ պահպանել հայկական դիրքերը, ինչը բավականաչափ բարդ է, բայց  հնարավոր է․ արևելագետ
Տարածաշրջան
18:27, 25 июль 2022
«Թուրքիայի ակտիվությունը նկատվում է ընդհանուր առմամբ  ուկրաինական ճգնաժամի ռազմական փուլի մեկնարկից ի վեր, երբ օգտվելով ինչպես աշխարհում, այնպես էր տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող դիրքային փոփոխություններից, Թուրքիան իր շահերի գոտի հանդիսացող երկրներում և տարածաշրջաններում, փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը և միջազգային ասպարեզում բարձրացնել սեփական հեղինակությունը, հատկապես միջնորդական դիրքավորում իրականացնելով տարաբնույթ կենսական խնդիրների հետ կապված»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ սա ինչպես արտաքին օրակարգի առաջմղմանը միտված  Թուրքիայում գործող Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի քաղաքական ուղեգիծն է, այնպես էլ ներքաղաքական օրակարգին միտված նպատակներ է հետապնդում՝ հաշվի առնելով շուրջ մեկ տարի հետո այդ երկրում ակնկալվող համապետական ընտրությունները, երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրները և նաև դրանցով պայմանավորված, Էրդողանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի բավականաչափ խնդրահարույց իրավիճակը։ 
Արևելագետի խոսքով՝ այս ամենի համատեքստում մենք ականատես ենք լինում Թուրքիայի ակտիվացման՝ արտաքին տարաբնույթ ուղղություններով, օրինակ՝ Սիրիայի տարածքում, Իրաքում, արևելյան, միջերկրածովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում, ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ հաշվի առնելով Թուրքիայի դիրքավորումը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված, արևմուտքի, Եվրոպայի և Միացյալ նահանգների հետ առանձին հարաբերություններում, ուկրաինական ճգնաժամում իբրև միջնորդ-դերակատար և այլն։     

Խոսելով նաև Իրանի հոգևոր առաջնորդի այն հայտարարության մասին, որ իրենք դեմ կլինեն հայ-իրանական սահմանի փակմանը կամ փոփոխությանը, արևելագետն ասաց, որ այդ հայտարարությունը երևի թե կարելի է պայմանավորել նաև Հարավային Կովկասում, հատկապես տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացով պայմանավորված մտահոգություններով, որը կապված է հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշմամբ, այսինքն՝ կապուղիներն ապաշրջափակել միջանցքային տրամաբանությամբ, որն ավելի շատ հայտնի է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ, որն առաջ է քաշվել Ադրբեջանի նախագահի կողմից և թուրքական կողմն էլ իր ողջ հնարավորությունների սահմաններում առաջ է մղում այս օրակարգը։

«Այսինքն՝ իրանական կողմը լուրջ մտահոգություններ ունի, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են բոլոր հնարավոր միջոցներով հասնել հենց իրենց ծրագրածով՝ միջանցքային տրամաբանությամբ, կապուղիների ապաշրջափակմանը, որն էլ կարող է հեռանկարում հնարավորություն ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի համար կոնկրետ հավակնություններ ներկայացնել Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ, որտեղով ենթադրվում է, որ անցնելու են ճանապարհները, և ինչի արդյունքում կարող է վերանալ Հայաստանի և Իրանի միջև սահմանը։ Հետևաբար Իրանի ամենաբարձրագույն պաշտոնյայի կողմից նման մտահոգությունների հնչեցումը կարելի է դիտարկել այդ տեսանկյունից։ Եվ իհարկե չի բացառվում, որ ընդհանրապես մեր տարածաշրջանում ընթացող դիրքային պայքարի համատեքստում, հենց այս խնդիրն առաջ քաշելով, այսինքն՝ Հայաստանի հետ շահերի համադրման հնարավորությունն առաջ քաշելով, Հայաստանի միջոցով Իրանը փորձում է ավելի բարելավել մի կողմից իր դիրքերը Հարավային Կովկասում, իսկ մյուս կողմից նույն այս նպատակով փորձում է Ադրբեջանի հետ տարաբնույթ ոլորտներում համագործակցության խորացմամբ, Ադրբեջանի միջոցով բարելավել կամ վերականգնել իր դիրքերը Հարավային Կովկասում»,- ասաց Արմեն Պետրոսյանը։ 

Խոսելով նաև այն մասին, թե այս իրավիճակում ինչպես իրեն պետք է պահի Հայաստանը, արևելագետն ասաց, որ Հայաստանը բավականաչափ բարդ իրավիճակում է հայտնվել և առաջին հերթին պետք է հնարավորինս պահպանել սկզբունքային դիրքորոշումը, այսինքն՝ որևէ կերպ տուրք չտալ թուրք-ադրբեջանական մարտավարությանը, չգնալ սկզբունքային զիջումների և զուգահեռաբար պահպանել նաև երկխոսության հնարավորությունները։   

«Սա ինչու է կարևոր, որովհետև, այնուամենայնիվ հատկապես ադրբեջանական կողմից, դեռևս օրակարգում է պահվում չլուծված խնդիրները Հայաստանի հետ հարաբերություններում, Արցախի հիմնախնդիր հետ կապված առայժմ չլուծված խնդիրները ռազմական եղանակով լուծելու հնարավորությունը։ Եվ այս տեսանկյունից հայկական կողմի համար ավելի է բարդանում իրավիճակը։ Այսինքն՝ դեռևս վերացած չէ նոր պատերազմի սպառնալիքը և հատկապես այդ սպառնալիքի, ուժի կիրառման գործադրմամբ ադրբեջանական կողմը դարձյալ ունենալով անզիջում մոտեցում Հայաստանի հետ հարաբերություններում, փորձում է ՀՀ-ին անընդհատ մղել նորանոր զիջումների և սեփական օրակարգն առաջ մղել»,- ասաց Արմեն Պետրոսյանը։ 

Ի հավելումն արևելագետն ասաց, որ ինչպես Իրանի հետ, այնպես էլ  բոլոր արտաքին դերակատարների հետ պետք է փնտրել համադրելի  շահեր և դրանք առաջ մղելով՝ պահպանել հայկական դիրքերը, ինչը բավականաչափ բարդ է, բայց  հնարավոր է։ 
 
Լիլիթ Թադևոսյան