Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի նախագահը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից

Թուրքիայի նախագահը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից
Տարածաշրջան
10:38, 26 июль 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ  Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: 

«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը, ապա հավելել. 
«Ի սկզբանե մեր կարմիր գիծը՝ Ադրբեջանն էր։ Մենք ասացինք, որ Ադրբեջանի հարցը իր հունի մեջ ընկնելուց հետո մեր սահմաններն առանց այդ էլ կբացենք։
Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Սակայն, արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։

Ըստ Էրդողանի  Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ և վճռական է տրամադրված և հետապնդում է ամբողջական  կարգավորում ու բարիդրացիական հարաբերությունների հաստատում։
Էրդողանը հիշեցրել է նաև Թուրքիայում ապրող ավելի քան 100 հազարից ավել հայերի մասին՝ ավելացնելով,- «Մեր քաղաքացի հայեր և ոչ մեր քաղաքացի, բայց քաղաքացիության թեկնածու հայեր կան։ Սա ցույց է տալիս մեր մոտեցումը»:

Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ: