Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի եւ ՌԴ-ի ստորագրությունները բավարար են խաղաղապահ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ․ վարչապետ

ՀՀ-ի եւ ՌԴ-ի ստորագրությունները բավարար են խաղաղապահ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար,  իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ․ վարչապետ
Տարածաշրջան
11:53, 04 август 2022
Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստը մեկնարկեց ԼՂ Պաշտպանության բանակի զոհված 2 զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ վերջին օրերին ԼՂ-ում եւ դրա շուրջ իրավիճակը ծայրահեղ լարվել է, տեղի ունեցած մարտերի հետեւանքով ԼՂ ՊԲ  19 զինծառայող վիրավորվել է, 2-ը՝ զոհվել։ Վարչապետը շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավոր զինծառայողներին եւ նշեց, որ այս օրերին եւ դրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի մի շարք հարցեր են ի հայտ բերում։

«Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ խմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, եւ մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում։ 2020 թ․ նոյեմբերի 9-ից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության եւ էության հետ կապված հարցեր։ 2020 թ դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ, 2022 թ․ մարտի 24-ին, ԼՂ Փառուխ գյուղի գրավում կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։  Այս համատեքստւմ խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պիտի խոստվանել, որ այս գործընթացին խոչընդտել է Ադրբեջանը՝ հրաժարվելվ ստորագրել ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թ․ նոյեմբերին, եւ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։  Բացի այդ, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցինալ հարցեր։ Մասնավորապես՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ ԼՂ –ում կա շփման գիծ, րի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ  խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Եւ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։ Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապան զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով, ՀՀ-ի եւ ՌԴ-ի ստորագրությունները բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար։ Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թ․ նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար եւ հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել կամ եռապատկել»։ Վարչապետն այնուհետ շեշտեց, որ որքան էլ քննադատվի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դրանում ԼՂ անվտանգության կարեւոր ինստիտուտներ են ամրագրված։ Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչեւ հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե ԼՂ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարություններն, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրրդը՝ արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, եւ երրորդ՝ Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ։ Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, եւ մեր ակնկալիքն է, որ, ինչպես եւ նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները։ Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը  երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ապա ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը եւ շարունակաբար խախտում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրոույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական  գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»։