Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պետք է հարգի իր ստորագրությունը, կատարի իր պարտավորությունները եւ ընդունի երեք առանցքային իրողություն՝ Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը պետք է  հարգի իր ստորագրությունը,  կատարի իր  պարտավորությունները եւ  ընդունի երեք առանցքային իրողություն՝ Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք․ Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջան
12:48, 04 август 2022
«Ադրբեջանն այսօր շատ է թմբկահարում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն ստանձնել է պարտավորություններ։ Այո, մենք ստանձնել ենք պարտավորւթյուններ եւ մեր բոլոր ստանձնած պարտավրությունները կատարել ենք, բոլոր պարտավորությունները»,-կառավարության այսօրվա նիտի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները։

Առաջին՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը եւ պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը ԼՂ-ի՝ ՀՀ-ի հետ կապն ապահովող կարեւորագույն ինստիտուտն է։ Ինքն ասում է, որ եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն պարտավորություններ է ստանձնել, այո, ստանձնել է եւ կատարել է։ Ադրբեջանը նույնպես պետք է կատարի իր պարտավորությունները, եթե ոչ, ուրեմն մենք մեր օրակարգում պետք է ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների  գործարկումը, որպեսզի այդ մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։ Կրկնում եմ՝ երեք առանցքային իրողություն՝ Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք»։

Փաշինյանն այնուհետ ամփոփելով իր խոսքը՝ շեշտեց, որ  չնայած այս պահին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան, սակայն  իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված: «Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- ասաց Փաշինյանը: