Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը նախադրյալներ ստեղծեց խաղաղապահ առաքելության արդյունավետւթյունը բարձրացնելու ուղղությամբ Մոսկվայի հետ լուրջ զրույց բացելու համար․ քաղաքագետ

Վարչապետը նախադրյալներ ստեղծեց խաղաղապահ  առաքելության արդյունավետւթյունը բարձրացնելու ուղղությամբ Մոսկվայի հետ լուրջ զրույց բացելու համար․ քաղաքագետ
Տարածաշրջան
17:21, 04 август 2022
Civic.am-ի  զրուցակցին է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը։ 

Պարոն Սուրենյանց, ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստում, անդրադանալով ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի գործունեությանը, նշեց, որ Ադրբեջանը չի ստորագրել այդ զորակազմի մանդատը եւ հավելեց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի ստորագրությունները բավարար են այդ մանդան ամբողջությամբ իրագործելու համար։ «Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»։ Ի՞նչ է ակնարկում  վարչապետը «ավելի լայն միջազգային մանդատով օժտել» ասելով։ 

-Եկեք իրատես լինենք։ Վարչապետը չի կարող այնքան միամիտ լինել, որ պատրանքներ ունենա, թե  այս իրավիճակում կարող են տարածաշրջան գալ այլ ուժեր, որովհետեւ մանդատով օժտող բոլոր միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, գտնվում են տոտալ ինստիտուցիոնալ ճգնաժամում։ Այսինքն, ակնկալել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է կոնսենսուսով ինչ-որ որոշում կայացնել այսօր, նկատի ունենալով նաեւ այն, որ դրա անդամ է նաեւ ՌԴ-ն՝ վետոյի իրավունքով,  կամ, ակնկալել, որ ԵԱՀԿ-ն, որը  երեկ տեղի ունեցած սադրանքի հետ կապված մի անատամ հայտարարություն էր արել, կարող է այլ արդյունավետ մեխանիզմ գտնել՝ միամտություն է։  Մանավանդ որ հայկական կողմը չի կարողանում հասնել անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի վերականգնմանը եւ չի էլ կարող հասնել, քանի որ այդ խնդիրը ո՛չ թե ՀՀ-ից է կախված, ո՛չ Ադրբեջանից, դա Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների խնդիր է՝ այդ դաշտում է գտնվում հարցի լուծումը։ Ես կարծում եմ, որ ավելի շուտ վարչապետը նախադրյալներ ստեղծեց խաղաղապահ  առաքելության արդյունավետւթյունը բարձրացնելու ուղղությամբ Մոսկվայի հետ լուրջ զրույց բացելու համար, այսինքն՝ արձանագրումներ արեց, որպեսզի  ավելի առարկայական զրույց ունենա ՌԴ-ի գործընկերների հետ՝ խաղաղապահ  առաքելության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Մի բան էլ հավելեմ․ եթե աշխարհում նույնսիկ այս տուրբուլենտ վիճակը չլիներ, նոր խաղաղապահ ուժերի գործարկման համար, ստանդարտ, հանգիստ իրավիճակներում,  անվազն 2-3 տարի է պետք։ Իսկ  դրա ժամանակը ո՛չ Արցախն ունի, որտեղ վտանգները էքզիստենցիալ են եւ հրատապ լուծումների անհրաժեշտություն կա, ո՛չ էլ հետպատերազական իրավիճակում գտնվող Հայաստանը։

- Պարոն Սուրենյանց, ի՞նչ է նշանակում  խաղաղապահ  առաքելության արդյունավետության  բարձրացում։  Մի՞թե խաղաղապահ առաքելությունը չունի կանոնակարգ, սկզբունքներ, որոնց  պարտադիր հարգմամբ ու պահպանմամբ էլ իրականացվում է այն։ Վարչապետը նշեց այդ առաքելության ոչ պատշաճ իրացման կամ գուցե չիրացման երկու փաստ՝ Խծաբերդ, Նոր Թաղեր գյուղերի հանձնում եւ հայ զինծառայողների գերեվարում, Փառուխ գյուղի հանձնում։  

-Դուք միանգամայն իրավացի եք։ Խաղաղապահ առաքելությունների  համաշխարհային փորձը հուշում է, որ դրանք այնքան էլ լավ պատմություն չունեն, այսինքն, այնպես չի, որ միայն ռուսական խաղաղապահ առաքելությունն է թերացել ու մասնավորապես Արցախում։ Բազմաթիվ առաքելությունների փորձ կա աշխարհում, որը արդյունավետ համարել չի կարելի․ այսինքն, կոնկրետ թեժ կետերում առաքելության առկայության պայմաններում ե՛ւ բախումներ են եղել, ե՛ւ զոհեր։ Իհարկե, մեզ համար մարդկային ցանկացած կյանք անգին է, բայց պետք է նկատի ունենալ, որ խաղաղապահ մանդատի կատարելագործումը մշտական աշխատանք է։ Երկրորդ՝ Ադրբեջանը չի ստորագրել այդ մանդատը եւ ՀՀ-ն պետք է հասնի նրան, որ Ադրբեջանը ստորագրի այդ մանդատը։  Հենց այս հարցում նաեւ ՌԴ-ի հետ ինտենսիվ աշխատանքի խնդիր կա, որպեսզի ի վերջո հստակեցվեն այն խնդիրների շրջանակները, որոնց  տիրույթում այդ առաքելությունը գործելու է, որովհետեւ հիմա շատ վերացական, չճշգրտված պահեր կան։ Եւ երրորդը՝ այսուհանդերձ նկատենք, որ Ադրբեջանը օգտվել է այն իրավիճակից, որ ՌԴ-ն մինչեւ կոկորդը թաղված է ուկրաինական պատերազմում եւ փորձում է օգտագործել տուրբուլենտությունն՝ իր օրակարգն առաջ տանելու համար։ Իհարկե, ռուսական խաղաղապահ առաքելությունից եւ ընդհնարապես՝ ՌԴ-ի տարածաշրջանային քաղաքականությունից ես էլ եմ շատ դժգոհ եւ բազմաթիվ վերապահումներ ունեմ, բայց մի բան պիտի հստակ գիտակցենք․ կա քաղաքական ռեալիզմ, որը հուշում է, որ այստեղ հետպատերազմական «ստատուս քվոն» հաստատված է ՌԴ-ի մոդերատորությամբ։ Եւ այս իրավիճակում հակառուսական տրամադրություններ բորբոքելը՝ խոսքս վարչապետի ելույթի մասին չէ, այլ՝ ընդհանրապես, եւ այլ խաղաղապահ առաքելությունների մասին խոսելը առնվազն ադեկվատ չէ։ Մանավանդ  մենք ոչ մի երաշխիք չունենք, որ արեւմտյան կառույցները ստեղծված իրավիճակում շատ ավելի կարեւորելու են ՀՀ-ն, քան Ադրբեջանը։ Տեսնում ենք, չէ՞, որ ԵՄ-ի համար էլ է Ադրբեջանի նշանակությւնը շատ ավելի բարձր։ Երեկ էլ ԱՄՆ Պետդեպը մի զեկույց էր հրապարակել, որտեղ ՀՀ-ի մասին վերացական  արտահայտություններ էին, իսկ Ադրբեջանի մասին շատ կոնկրետ ստրատեգիական նշանակություն ունեցող ձեւակերպումներ։ Ուզում եմ ասել, որ պետք չէ ծայրահեղությունների գիրկն ընկնել։ Այո, ռուսների առաջ խնդիրը հստակ ձեւակերպվի, բայց պետք չէ պատրանքներ ունենալ, որ այստեղ կարող են գալ այլ խաղաղապահներ,  առավել եւս՝ այդ խաղաղապահները շատ ավելի բարեխիղճ կլինեն հայկական շահերի պաշտպանության հարցում։ 

Վարչապետը  իր խոսքում ֆիքսեց նաեւ Ադրբեջանի միջազգային պարտավորությունները, որոնցից մերջինս  հրաժարվում է,   նաեւ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում արձանագրված իրողությունները՝ Լեռնային Ղարաբաղ միավոր, շփման գիծ եւ Լաչինի միջանցք։  Ինչ եք կարծում՝ Ադրբեջանը կվերանայի՞ իր վարքագիծը, կանսա՞ իր պարտավորությունների կատարմանը՝  միջազգային կառույցների  ճնշման գործիքակազմի կիրառման դեպքում։ 

- Ադրբեջանը կարող էր վերանայել իր դիրքորոշումը, եթե նրա նկատմամբ լիներ ընդգծեմ՝  կոնսոլիդացված միջազգային ճնշում։ Այսինքն, եթե  միջազգային բոլոր կենտրոնները միաժամանակյա նպատակային ճնշում բանեցնեին Բաքվի վրա։ Բայց դուք էլ, ես ել, գիտենք, որ այս տուրբուլենտ իրավիճակում միջազգային կոնսենսուս ու կոնսոլիդացված ճնշում չի լինելու։ Հետեւաբար Ադրբեջանը սողացող պատերազմի մարտավարությունը շարունակելու է, լայնամասշտաբ պատերազմը  ես այս պահին բացառում եմ, այդ հարցով կա միջազգային կոնսենսուս,  ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի ձեռնտու չէ, որ տարածաշրջանում լինի 44-օրյա պատերազմի պես լայնամասշտաբ պատերազմ։ Այս իրավիճակում ՀՀ-ի քայլերի զինանոցն այնքան էլ հարուստ չէ։ Մեկը, ինչպես ասացի, Մոսկվայի հետ արդյունավետ աշխատանքն է, որպեսզի խաղաղապահների առաքելության որակը բարձրացվի, երկրորդը փորձն է հայ-ադրբեջանական դիալոգի միջոցով հասնել խնդիրների կարգավորմանը եւ նախադրյալներ ստեղծել Ստեփանակերտ-Բաքու դիալոգի համար, քանի որ ես կարծում եմ, որ Ստեփանակերտ-Բաքու միջակայքում է գտնվում ԼՂ խնդրի կարգավորման բանալին։ Հուսանք, որ իմ նշած այս ուղղություններով աշխատանքները կտան արդյունք։ Եւ կա վատ, ֆորսմաժորային տարբերակ, ինչի մասին պետք է պետությունը մտածի, ոչ թե իրականություն դարձնելու նպատակով, այլ որպես վատագույն սցենարների համար էլ պահեստային լուծում։ Իսկ վատագույն սցենարն այն է, երբ դիվանագիտությունը չի կարողանում աշխատել, մենք չենք կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, միջազգային կառույցները համարժեքություն չեն դրսեւրում եւ նման իրավիճակում մեզ մնում է  Արցախի բնակչության տարհանումը։ Վերադառնալով նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի մասին Փաշինյանի հիշեցումներին՝ պետք է նկատել, որ այդ փաստաթղթում կան ձեւակերպումներ, որոնք գուցե ժամանակի սղության պատճառով այնպես են ձեւակերպված, որ մեկնաբանությունների լայն դաշտ են բացում։ Օրինակ,  կետերից մեկին հղում անելով ՀՀ-ն մեկնաբանում է, որ արդեն իսկ կատարել է իր պարտավորությունը եւ ՀՀ-ի զինծառայողներ այլեւս չկան Ղարաբաղում։ Մինչդեռ Բաքուն  լրիվ այլ կերպ է մեկնաբանում այդ կետը, ինչը, էության,  նշանակում է ԼՂ ՊԲ-ի  զինաթափում կամ  կազմալուծում։  Այսուհանդերձ, վարչապետի հիշեցումները օբյեկտիվ են, բխում են նոյեմբերի 9-ի փաստաթղթից, եւ ես չեմ կարծում, որ այդ ճշմարտությունները Ալիեւը չգիտի։ Ճիշտ հակառակն եմ կարծում․  այդ ճշմարտությունները նա շատ լավ գիտի, դրա համար էլ, օգտվելով աշխարհում  առկա գլոբալ ճգնաժամից եւ այն հանգամանքից, որ ստեղծված իրավիճակում իր դերակատրությւնը մեծացել է, փորձում է ագրեսիվ քաղաքականություն բանեցնելով  փաթեթային լուծում տալ իր բոլոր խնդիրներին։

Հեղինե Մանուկյան