Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի Հանրապետության ապառազմականացման մասին․Մայիլյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի Հանրապետության ապառազմականացման մասին․Մայիլյան
Տարածաշրջան
19:01, 04 август 2022
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի Հանրապետության ապառազմականացման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

«Ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի՝ ս․թ․ օգոստոսի 3-ի հայտարարության՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում Հայաստանին մեղադրում է հայտնի եռակողմ հայտարարության չորրորդ կետի խախտման մեջ։ Ադրբեջանական կողմը շարունակում է ջանքեր գործադրել՝ հայտարարության համատեքստից դուրս բերելու «ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմամբ» խոսքերը եւ դա ներկայացնելու որպես պահանջ։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ պարբերությունը սերտորեն կապված է փաստաթղթի նախորդ 3-րդ կետի հետ, որը մերժում է փաստաթղթի ադրբեջանական մեկնաբանությունը։ Այս պարբերությունը հստակ սահմանում է ԼՂՀ-ի տեղակայման, հետեւաբար՝ հայկական զորքերի դուրսբերման աշխարհագրությունը։ Շփման գիծը եւ Լաչինի միջանցքը նշված են որպես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքներ։ Այսինքն՝ 4-րդ կետը համաձայնագիր է հայկական զինված ուժերի դուրսբերման մասին ոչ թե ամբողջ Լեռնային Ղարաբաղից, այլ այն վայրերից, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Քանի որ խաղաղապահները դեռ տեղակայված չեն շփման գծի ողջ երկայնքով, ինչն անհնարին է սակավաթիվ զորախմբի պատճառով, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իրավունք ունեն եւ պետք է մարտական հերթապահություն իրականացնեն շփման գծի մեծ մասում։ Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի Հանրապետության ապառազմականացման եւ հանրապետությունից զինված ուժերի դուրսբերման մասին»,-գրել է Մայիլյանը։