Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորապես համոզված եմ, որ ճնշումներ են կիրառվում Հայաստանի իշխանության վրա․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է՝ տարբեր խմբեր համացանցում տարածում են, թե ՀՀ իշխանությունները հայտարարել են թուրքերի հետ բարեկամանալու մասին, ինչին հաջորդել է "Թուրքն իմ թշնամին" է ֆլեշմոբը։

Հարցի առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց «Հանրապետություն» կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանից։ 
Նա նշեց, թե  ինքը չի կարող ասել, թե ինչ նպատակ է հետապնդում այդ ամենը, և կարծում է, որ դրանք ավելի շատ տեսական կամ փիլիսոփայական բանավեճեր են, քան  իրականության հետ ռեալ կապ ունեցող գործընթացներ։

«Իսկ իրականում, կա նոյեմբերի 9-ի ստորագրությունը, որտեղ 9-րդ և 8-րդ կետերը Ադրբեջանը փոխկապակցում է գերիների հետ վերադարձը և ճանապարհների ապաշրջափակումը։ Եվ այդ ապաշրջափակումն ինքը տեսնում է միջանցքի տարբերակով այնպես, ինչպես Լաչինում են ռուսներն ուղեկցում մերոնց կամ այդ ճանապարհի անվտանգությունն ապահովում, իրենք էլ ուզում են, որ Նախիջևանով անցուդարձի անվտանգությունն ռուսներն ապահովեն, ինչը բխում է նաև ռուսների շահերից։ Եվ այդ ենթատեքստում, խորապես համոզված եմ, որ ճնշումներ են կիրառվում Հայաստանի իշխանության վրա։ Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտի խնդիրն է ոչ թե այդ ճնշումները մեծացնել, այլ ամեն ինչ անել, որ Հայաստանի իշխանությունները կարողանան դրան դիմակայել, իսկ մնացած բաները երրորդ-չորրորդական եմ համարում»,-ասաց Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կան թևեր, որոնք իշխանության կողմից ասած ցանկացած խոսք փորձում են մեկնաբանել յուրովի, փորձում են լարել իրավիճակը, փորձում են ցույց տալ, որ եթե իրենք լինեին, այդ խնդրին այլ կերպ էին մոտենալու կամ նման խնդիր չէր լինելու։ 

«Եթե ձևեր գիտեն՝ թող ասեն, եթե չէ, իշխանությանն ինչ անում է, դա քննադատելը ոչ մի բան չի տալիս։ Ես դա գնահատում եմ ընդամենը աղմուկ, ուրիշ ոչ մի բան»,-հավելեց Արամ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Լիլիթ Թադևոսյան