Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողան. «Բաքուն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի սահմանին»

Էրդողան. «Բաքուն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի սահմանին»
Տարածաշրջան
20:14, 17 сентябрь 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանն ավարտել է «ռազմական գործողությունը»։ Այդ մասին Мilliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի առաջնորդը հայտարարել է Սամարղանդից Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ շփման ժամանակ։ 

Էրդողանը կրկնել է ադրբեջանական այն կեղծ թեզը, որ բախումներն «սկսվել են Հայաստանի կատարած սադրանքից հետո»։ «Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա այն քննարկելու իմաստ չկա։ Պարոն Իլհամից ստացած տեղեկությունների համաձայն՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք»,- ասել է նա։

Էրդողանը Հայաստանին կոչ է արել «կատարել իր բոլոր նախորդ պարտավորությունները և որքան հնարավոր է արագ կենտրոնանա խաղաղության ու համագործակցության վրա»։ «Մենք ցանկանում ենք, որ կարգավորման գործընթացները, որոնք իրականացվում են մեր տարածաշրջանում, հաջողությամբ ավարտվեն և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ապահովվեն մշտական հիմունքներով»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Այս օրերին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթանում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին բացի անդամ երկրների առաջնորդներից, մասնակցում էին նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։ Դրա շրջանակներում տեղի էր ունեցել նաև Պուտին-Ալիև հանդիպումը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե, իբր, «ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը չէին ցանկանում, որ լայնամասշտաբ պատերազմ լինի»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Շուրջ երկու օր տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, սեպտեմբերի 14-ի երեկոյան, Ադրբեջանը դադարեցրել էր ՀՀ ինքնիշխան տարածքի հրթիռահրետակոծումը։

Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին տվյալներով զոհերի հաստատված թիվը 135 է։ «Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ։ Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասել էր Փաշինյանը։