Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ առաքելությունը հեռացել է Հայաստանից՝ առանց հրապարակավ արձանագրելու Ադրբեջանի ագրեսիան ու Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումը

ՀԱՊԿ առաքելությունը հեռացել է Հայաստանից՝ առանց հրապարակավ արձանագրելու Ադրբեջանի ագրեսիան ու Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումը
Տարածաշրջան
13:47, 20 сентябрь 2022
Սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից օրեր անց Հայաստան եկած ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը երեկ մեկնել է Հայաստանից՝ այդպես էլ որևէ կերպ հրապարակավ չարձանագրելով Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակումն ու ռազմական օգնության անհրաժշտությունը։

Սա այն դեպքում, երբ Հայաստանն այս անգամ ՀԱՊԿ-ին դիմել է ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի, անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա ՀԱՊԿ մյուս երկրների նկատմամբ։
 
Փոխարենը, ՀԱՊԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առաքելությունը գլխավորող գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների վերաբերյալ առաջարկների մասին, որոնք ուղղված են «ստեղծված լարվածության թուլացմանը»:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Նշենք, որ ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության, ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ եւ հերոսական դիմադրության եւ միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Մ․ Խ․