Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չենք հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Չենք հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Տարածաշրջան
12:29, 22 сентябрь 2022
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում իրենց միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: «Մենք հակամարտությունների և պատերազմների չենք ձգտում, սակայն չենք լռում, երբ պետք է դրանց դիմակայել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 207 է, զոհվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։