Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսին Բելառուսից պարզաբանում է պահանջում Լուկաշենկոյի՝ Աբխազիա ժամանելու առիթով

Թբիլիսին Բելառուսից պարզաբանում է պահանջում  Լուկաշենկոյի՝ Աբխազիա ժամանելու առիթով
Տարածաշրջան
18:46, 28 сентябрь 2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիա ժամանելու կապակցությամբ, Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), փոխանցում է Aliq.ge-ն։
ԱԳՆ-ի փոխանցմամբ, հանդիպմանը վրացական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել վերոնշյալի կապակցությամբ և բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ պահանջել։
«Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսն ի նշան բողոքի կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։ Վրացական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել վերոնշյալի կապակցությամբ և բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ պահանջել»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ պաշտոնական այցով Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում է։
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ չի բացառում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անկախության ճանաչումը։ Նրա խոսքով, դա կարող է տեղի ունենալ, երբ ինքը տեսնի այդ քայլի անհրաժեշտությունը, և այդ մասին իրեն կասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
2021 թվականի օգոստոսին Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու չի ճանաչում Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը Մինսկին սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով այդ «հանրապետությունների» անկախության ճանաչման դեպքում, իսկ Մոսկվան հրաժարվել է փոխհատուցել տնտեսական կորուստները։