Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունական մամուլից թուրքական սցենարներ․ 2020-ի կամ 1996-ի ճգնաժամերը կարող են կրկնվել

Հունական մամուլից թուրքական սցենարներ․ 2020-ի կամ 1996-ի ճգնաժամերը կարող են կրկնվել
Տարածաշրջան
16:15, 04 октябрь 2022
Հունական «Kathimerini» օրաթերթը գրել է Թուրքիայի հետ սպասվող ճգնաժամային հավանական իրավիճակների մասին։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը հավատացած է, որ Էրդողանը կսրի լարվածությունը, քանզի երկու երկրներն էլ պատրաստվում են ընտրությունների։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հիշյալ օրաթերթը, հենվելով հույն պաշտոնյաների տրամադրած տեղեկությունների վրա, ներկայացրել է հնարավոր մի քանի սցենար, որոնք սպասվում են նախընտրական շրջանում Հունաստանին։

1. Միգրանտների ճգնաժամ
Էրդողանը փորձում է կրկնել 2020թ. միգրանտների ճգնաժամը, երբ փախստականներին քշում էր դեպի հունական սահման։

2.  Իմիայի ճգնաժամ
1996թ. տեղի ունեցած Իմիայի ճգնաժամի նման մեկ այլ ճգնաժամ կարող է սկսվել։
Իմիա - Էգեյան ծովում գտնվող հունական կղզի (թուրքական անվանումը` Kardak)։ Կղզու տարածքային պատկանելության շուրջ ծագած վեճը սուր ճգնաժամ էր առաջացրել Աթենքի ու Անկարայի միջև։ 

3. Հորատման ուղղությամբ լարվածություն
Հույն պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիայի հորատող նավը Լիբիայի հետ կնքած, բայց Հունաստանի կողմից չճանաչված «Ծովային իրավասությունների սահմանազատման համաձայնագրի» շրջանակներում կարող է դիմել գործողութնների։

Կղզիների ապառազմականացման ուղղությամբ թուրքական նավատորմի կողմից քայլեր չեն ակնկալվում։ Բայց Հունաստանում 2023թ. հուլիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին Էրդողանը կարող է օգտվել այն քաղաքական քաոսից, որ կարող է առաջանալ երկրում, քանզի ակնկալվում է, որ 1-ին փուլում ոչ մի կուսակցություն չի կարողանա կազմել մեծամասնություն։ Հետևաբար հավանական է, որ կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ։

Նշվում է, որ շատ կարևոր է այս շաբաթ Եվրոպայի քաղաքական համայնքի շրջանակներում Պրահայում կայանալիք հանդիպումը, որին մասնակելու է Թուրքիայի ղեկավարը։ Հույն պաշտոնյաները կարծում են, որ սա կարևոր հնարավորություն է հասկանալու համար, թե ինչ է ուզում Էրդողանը։