Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. ԻԻՀ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. ԻԻՀ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար
Տարածաշրջան
12:17, 11 октябрь 2022
Հայաստան-Իրան բարեկամության խմբի խորհրդարանական պատվիրակությունը՝ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ, հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Իբրահիմ Ազիզիի հետ, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Ազիզին, մատնանշելով երկու երկրների և ժողովուրդների միջև խոր կապերը, նշել է, որ այդ կապերը հարաբերությունների հետագա խորացման հիմք են ստեղծում։

 Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին՝ Ազիզին ասել է. «Այս տարածաշրջանում ռազմական բախումները մեզ անհանգստացնում են։ Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում: Ուժի կիրառումը վեճերի լուծման միջոց չէ, տարածաշրջանը երկխոսության կարիք ունի: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և այդ խնդիրների լուծման պատրվակով տարածաշրջանը չպետք է բացվի օտարերկրյա տերությունների առաջ։ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեն հստակ հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և միջազգային սահմանների փոփոխությանը և աջակցում է երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը»։