Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. հետցնցումները շարունակվում են

Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. հետցնցումները շարունակվում են
Տարածաշրջան
11:12, 23 ноябрь 2022
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դյուզջե նահանգի Գյոլաք շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով տուժել է 35 մարդ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 04:08-ին և զգացվել են Ստամբուլում, Բոլուում, Սաքարիայում, Անկարայում, Բարթինում, Քոջաելիում, Քյութահյայում, Բիլեջիկում, Զոնգուլդաղում, Բուրսայում և Իզմիրում։ Օջախը գտնվել է 6,81 կմ խորության վրա։ Ամենահզոր ցնցումից հետո գրանցվել են հետցնցումներ:

Դյուզջե նահանգում գտել են 32 տուժածների, ևս մեկական տուժածներ են հայտնաբերվել Ստամբուլ, Բոլու և Զոնգուլդաղ նահանգներում։

Պաշտոնատար անձանց խոսքով՝ մի քանի մարդ վնասվածք է ստացել խուճապի մեջ պատշգամբներից թռչելու ժամանակ:

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, ժամանելով Դյուզջե, լրագրողներին ասել է, որ զոհերի մասին առայժմ տվյալներ չունի։

Դյուզջեի նահանգապետ Ջևդեթ Աթայը հայտնել է, որ երկրաշարժի պատճառով ուսումնական հաստատություններում մեկ օրով չեղարկվել են դասերը։ Դյուզջեում հետցնցումները շարունակվում են: