Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նախքան պատերազմն Արցախում ունենայինք անվազն կես միլիոն հայություն, պատերազմի ժամանակ միգուցե ունենայինք լրիվ այլ պատկեր եւ միգուցե պատերազմ էլ չլիներ

Եթե նախքան պատերազմն Արցախում ունենայինք անվազն կես միլիոն հայություն, պատերազմի ժամանակ միգուցե ունենայինք լրիվ այլ պատկեր եւ միգուցե պատերազմ էլ չլիներ
Տարածաշրջան
15:02, 25 декабрь 2022
Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված համահայկական հանրահավաքը մեկնարկեց տերունական աղոթքով։  Հանրահավաքին ներկա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը,  Արկադի Ղուկասյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ  եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Հանրահավաքի մեկնարկն ազդարարվեց  Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առանորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով։ Նա  հայտարարեց, որ այսօր արցախցիները հերթական անգամ հավաքվել են հրապարակում՝ ցույց տալու արտաքին աշխարհին իրենց միասնականությունն ու վճականությունը։  «Եւ կարող ենք արձանագրել, որ այս հարցում հաջողել ենք։  Բայց այսօր մեզ համախմբել է նաեւ բազում  խնդիրների լուծման եւ  ընդհանուր ապագայի նկատմամբ մեր մտահոգությունը՝ ինչպես պետք է լինի մեր ազգի փրկությունը։

Հոգեւոր իրականության եւ մարդկային գործունեության  մեջ կան երկու զուգահեռ եւ փոխկապակցված ճշմարտություններ։ Առաջինն ասում է՝ փրկիր ինքդ քեզ եւ քո շուրջը կփրկվեն շատերը։  Երկրորդը՝ հաղթիր ինքդ քեզ եւ  բոլորը  կխոնարհվեն քո առջեւ։ Վստահաբար, բոլորս էլ մտածում ենք, որ արցախյան վերջին պատերազմում եթե մենք հաղթեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջեւ։ Բայց ուզում եմ, որ մենք իրողություները կարողանանք ավելի խորությամբ քննել եւ հասկանալ, որ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են՝ մեր մեջ։  Ցավոք, մեր ազգը հաճախ է ընկնում մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ։ Երբ  30 տարի առաջ երկիրը գտնվում էր կործանման եզրին, համախմբվեցինք, ազգովի ապաշխարեցինք եւ կերտեցինք մեծամեծ հաղթանակներ։ Բայց իրական փորձությունը գալիս է հաղթանակից հետո»,-նշեց սրբազանը՝ հավելելով․ «Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ հաճախ հաղթանակից հետ գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ «ես»-ը, նյութապաշտությունը, անձնական շահը եւ 8-րդ մահացու մեղքը՝ անտարբերությւնը դիմացինի եւ ազգի հանդեպ ու փչացնում են մեր ազգային նկարագիրը։  Ներկան համարելով մնայուն եւ վերջնական մի վիճակ՝ բոլորը սկսում են աշխարհի գանձերը գերադասել երկնային գանձերից։ Ահա այս շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր հիմնական խնդիրը։ Եթե կարողացանք հաղթել վերը նշված ներքին թշնամիներին, ապա որեւէ  արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ»։ 

Հոգեւորականը հորդորեց նաեւ․ «Այսօր երբ Արցախը թշնամու կողմից ենթարկվել է ֆիզիկական շրջափակման՝ մեր հայացքները ուղղենք դեպի երկինք եւ կտեսնենք, որ դեպի երկինք տանող ճանապարհները միշտ էլ բաց են։

«Ուստի սկսենք իրար շատ սիրել, ներել ու գնահատել, որովհետեւ բոլորս էլ նույն նավի մեջ ենք։ Եւ բոլորիս մտածումներն ու հոգսերը նույնն են»։    
 
Արցախի ապագան այսօր կրկին անգամ դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը։ Եւ որպեզի այդ քննությունը  պատվաբեր գնահատական ստանա, պետք է ազգովի սթափվենք եւ զգաստանանք։  Արցախը եւ մեզանից յուաքանչյուրը պետք է դառնա մեր ազգի հոգու եւ խղճի զարթուցիչը։

Դիմելով ՀՀ-ում եւ աշխարհի բոլոր ծայրերում սփռված հայությանը՝ կոչ արեց․ «Սիրելի արցախցիներ, նայեք ձեր հոգու ներսը, փորձեք հասկանալ, թե Աստծո մոտ ինչ պիտի շահեք, եթե կորցնեք ձեր գանձը։ Վերադարձեք Արցախ եւ տեր կանգնեք այս սրբազան մասունքին։ Եթե նախքան պատերազմը Արցախում ունենայինք անվազն կես միլիոն հայություն, պատերազմի ժամանակ միգուցե ունենայինք լրիվ այլ պատկեր եւ միգուցե պատերազմ էլ չլիներ»։