Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ՀՀ-ից շուրջ 10 տոննա հումանիտար բեռ է Կարմիր խաչի կոմիտեի մեքենաներով անցկացվել Արցախ, Արցախից էլ 4 օտարերկրյա քաղաքացի է տեղափոխվել ՀՀ՝ բուժսպասարկման նպատակով

Այսօր ՀՀ-ից շուրջ 10 տոննա հումանիտար բեռ է Կարմիր խաչի կոմիտեի մեքենաներով  անցկացվել  Արցախ, Արցախից էլ 4 օտարերկրյա քաղաքացի է  տեղափոխվել ՀՀ՝ բուժսպասարկման նպատակով
Տարածաշրջան
16:36, 25 декабрь 2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից այսօր շուրջ 10 տոննա հումանիտար բեռ է (դեղորայք, մանկական սնունդ եւ այլ պարագաներ) Լաչինի միջանցքով անցկացվել  Արցախ, Civic.am-ի հետ զրույցում հայտնեց  ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 

«Մեր բեռնատար մեքենայով է փոխանցվել բեռը, բայց Հայաստանի պատկան մարմիններն են բեռնել  անհրաժեշտ  պարագաներով։ Կոմիտեի կողմից բեռն արդեն փոխանցվել է տեղի բուժհաստատություներին»,- նշեց Ամատունին՝ առանց մանրամասնելու, թե ՀՀ մասնավորապես ո՞ր կառույցներն են փոխանցել բեռը։ Նշենք, որ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Արցախից Կոմիտեի միջոցով Հայաստանի բուժհաստատություններ է տեղափոխվել 6  քաղաքացի, որոնցից 4-ը՝ այսօր։ «Խոսքը գնում է այլ՝ ոչ հայկական  քաղաքացիություն ունեցող չորս անձի մասին, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ ու կարիք ունեին համապատասխան բուժման։ Եւ իրենց երկրի ներկայացուցիչների խնդրանքով բավարարվեց այդ միջնրդությունը՝ Կոմիտեն հիշյալ անձանց տեղափոխեց Հայաստան։ Հիշյալ անձանց առողջական վիճակի, անձնական տվյալների մասին տեղեկություններ հաղորդել չենք կարող՝ հաշվի առնելով անձնական տվյալների  գաղտնիության սկզբունքը»,-նշեց Ամատունին։

Նշենք, որ ավելի վաղ Կարմիր խաչից հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով արցախցի 4 ամսական երեխա է  տեղափոխվել  Հայաստան, իսկ հետդարձի ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք:«Հայաստան տեղափխված երեխան կարիք ուներ բավական արագ եւ անհետաձգելի բուժսպասարկման։ Մեր մեքենաներից մեկը եւս բեռնվել է դեղորայքով, որոնք Արցախ հետադարձ ճանապարհին հանձնել ենք Արցախի պատկան մարմիններին»,-հավաստիացրեց Ամատունին։ 

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին եւս Կոմիտեի կողմից մեկ քաղաքացի Արցախից Հայաստան էր տեղափոխվել։