Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանցի գեներալը Բաքվին կոչ է անում չկրկնել Սադամի սխալը

Իրանցի գեներալը Բաքվին կոչ է անում չկրկնել Սադամի սխալը
Տարածաշրջան
16:53, 05 январь 2023
Ադրբեջանի իշխանությունները պետք է դասեր քաղեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և չկրկնեն Սադամի սխալները, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալիռզա Թանհային:

«Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաները պետք է դասեր քաղեն Ուկրաինայի իրավիճակից և տեսնեն, թե ինչ դժբախտություն են պատճառել ամերիկացիներն ու եվրոպացիները Ուկրաինայի ժողովրդին, ավելի լավ է նրանք [ադրբեջանցիները ] չկրկնեն Սադամի [Հուսեյնի] սխալը։ Սադամը հարձակվեց Իրանի վրա այն ժամանակ, երբ երկրում ակտիվ էին տասնյակ անջատողական, խռովարար և ահաբեկչական խմբավորումներ, և նա կարծում էր, որ եթե հարձակվի Խուզեստանի վրա, ապա կբախվի միայն այդ նահանգի ժողովրդի [դիմադրությանը]», - բարձրաստիճան զինվորականի խոսքերն են մեջբերում իրանական լրատվամիջոցները:

Իրանցի գեներալը, ըստ լրատվամիջոցների, այդ մասին խոսել է Ադրբեջանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աստարայում: