Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երրորդ ուժգին ցնցումը գրանցվեց Սիրիայում, ժողովուրդը խուճապի մեջ է, զոհերի թիվն աճում է. Հայաստանից ակնկալում ենք օգնություն. Հարություն Սելիմյան

Սիրիայում 3-րդ ուժգին ցնցումը գրանցվեց՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ, ժողովուրդը դրսում է՝ խուճապի մեջ է։ Այս մասին Civic.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար Հարություն Սելիմյանը։

Նրա խոսքով՝ դրսում կանգնած ժողովրդին հնարավորինս տեղավորել են Ավետարանական եկեղեցիների բակերում՝ ապահովել ծածկոցներով, տաք ըմպելիքով։

Հարություն Սելիմյանը նշեց, որ մարդիկ սպասում են, որ 48 ժամն անցնի, որպեսզի կարողանան իրենց տուն վերադառնալ։ Մեր զրուցակիցը կարծում է, որ Սիրիայում դեռևս պատերազմի ժամանակ հրթիռային հարվածներից շենքերի հիմքերը թուլացել են, և հիմա՝ երկրաշարժի ժամանակ, Սիրիայում մեծ ավերածությունների պատճառը դա է։

Հարություն Սելիմյանը հավելեց, որ Սիրիայում զոհերի թիվը մոտ 650 է, իսկ վիրավորների թիվը՝ մոտ 1200, Հալեպում ավերված շենքերի թիվը 120 է, այդ թվում հայկական եկեղեցիներն ու դպրոցներն են վնասվել։ 

Նրա խոսքով՝ ազգությամբ հայերի մեջ 4 զոհ կա, վիրավորների մեջ ևս կան հայեր, սակայն թիվը դեռևս ճշտված չէ։ 
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հալեպում բավական տեխնիկա չկա, մազութ էլ չկա, որ մեծ տեխնիկա աշխատեցնեն, և մարդկանց փլատակների տակից դուրս բերելու համար հիմնականում փրկարարներն են աշխատում։  

Հարություն Սելիմյանը նշեց՝ Հայաստանից ակնկալում են, որ Սիրիա փորձագետների ուղարկեն՝ փլատակների տակից մարդկանց հանելու համար. «Նաև դեղորայքի կարիքը մեծ կլինի»։ 

Նարա Մարտիրոսյան  

Մանրամասն՝ հեռախոսազրույցում