Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ և ադրբեջանցի գործընկերներին փոխանցել ենք խաղաղության գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. Գալուզին

Հայ և ադրբեջանցի գործընկերներին փոխանցել ենք խաղաղության գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. Գալուզին
Տարածաշրջան
15:51, 23 февраль 2023
Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով հարցին, թե տեսանելի հեռանկարում կարո՞ղ է արդյոք խաղաղության պայմանագիր կնքվել Բաքվի և Երևանի միջև։

«Հետևողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման հարցում»,- նշել է Գալուզինը։
Գերատեսչության ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ «այդ քայլերը միասնաբար պետք է հանգեցնեն տարածաշրջանում կայուն, տևական և արդար խաղաղության համար պայմանների ստեղծմանը, ինչի արտացոլումը կլինի խաղաղության պայմանագիրը»։

«Մեր միջնորդությունն այն է, որ ապահովվի կառուցողական և բովանդակալից երկխոսություն՝ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով, որոնք հաշվի կառնեն երկու կողմերի շահերը։ Այդ նպատակով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Խովաևը պարբերաբար այցեր է կատարում Երևան և Բաքու՝ վերջին անգամ համապատասխանաբար այս տարվա փետրվարի 9-10-ը և 14-15-ը: Մենք մեր գործընկերներին փոխանցել ենք նաև ռուսական նկատառումները խաղաղության գործընթացի բազային սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները»,- պարզաբանել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։ 

Միաժամանակ նա նշել է, որ «խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պատմության արմատներին է հասնում: Վերջնական կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն, այնպիսի պայմանների ձևավորում, որոնք կապահովեն երկկողմ համաձայնագրերի ամրությունը, հուսալիությունը և կայունությունը, ինչը կհանգեցնի փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։ Հենց դրան է նպատակաուղղված Ռուսաստանը, որի համար Կովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ կլինեն առաջին պլանում»,- ասել է Գալուզինը։