Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում և Սիրիայում խոլերայի տարածման ռիսկ կա. ECDC

Թուրքիայում և Սիրիայում խոլերայի տարածման ռիսկ կա. ECDC
Տարածաշրջան
17:08, 23 февраль 2023
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հաղորդագրություն է տարածել՝ նշելով Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններում վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ խոլերայի, տարածման ռիսկերը։ 

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժից հետո Թուրքիայի և Սիրիայի հիմնական անհետաձգելի կարիքները առողջապահական ոլորտում  կապված են վնասվածքների և առողջապահական համակարգում խաթարումների հետ, սակայն վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքը կարող է մտահոգիչ լինել առաջիկա երկուսից չորս շաբաթների ընթացքում։

«Առաջիկա շաբաթներին տուժած շրջաններում խոլերայի դեպքերի բռնկման հավանականությունը մեծ է»,- ասվում է հայտարարության մեջ: 
Բացի դրանից, մասնագետները չեն բացառում տուժածների համար ճամբարներում այլ հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են հեպատիտ A-ն և ռոտավիրուսը։ 

ECDC-ն պարզաբանել է, որ վարակների տարածմանը կարող են հանգեցնել մաքուր ջրի սահմանափակ հասանելիությունը, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանները և սննդամթերքի ջերմամշակումը:  

Փորձագետների խոսքով՝ «հատկապես մտահոգիչ են» շնչառական վարակները՝ տուժածներին ժամանակավոր ճամբարներ վերաբնակեցնելու պատճառով: