Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն փորձում է կեղտոտ խաղ խաղալ միջազգային հանրության առաջ՝ սեփական օրակարգը Արցախին շանտաժի միջոցով պարտադրելը ներկայացնելով Ստեփանակերտի հետ «ուղիղ բանակցություններ»

Բաքուն փորձում է կեղտոտ խաղ խաղալ միջազգային հանրության առաջ՝ սեփական օրակարգը Արցախին  շանտաժի միջոցով  պարտադրելը ներկայացնելով Ստեփանակերտի հետ «ուղիղ բանակցություններ»
Տարածաշրջան
19:19, 13 март 2023
ԼՂ խնդրի կարգավորման ընթացիկ փուլում օրակարգային են Արցախ-Ադրբեջան  բանակցությունները և այդ նպատակով  միջազգային մեխանիզմ(ներ)ի ստեղծումը, որոնք  կնպաստեն կողմերի միջև կառուցողական  երկխոսությանը, այն  կդարձնեն թափանցիկ և առարկայական՝ բացառելով  բանակցությունների վերաբերյալ սպեկուլյատիվ  մեկնաբանությունները։ Կառավարության վերջինի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ նման հուսալի մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությանը։ 

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է հուսալի միջազգային մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու ու Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա։ Եվ սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ»,- հայտարարեց  Փաշինյանը։  Մյունխենում փետրվարի 18-ին ԱՄՆ  պետքարտուղարի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը  հայտարարել էր, թե պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ հավաստիացրել է, թե Ադրբեջանը պատրաստ է սկսել պրակտիկ շփումներ Ղարաբաղի հայ համայնքի հետ։ Ադրբեջանի պատկերացրած «պրակտիկ շփումները», դատելով  մարտի 1-ին տեղի ունեցած բանակցություններին հաջորդած զարգացումներից,  ենթադրում են սեփական օրակարգը բանակցությունների մյուս կողմին պարտադրելն ու շանտաժը, ապաև՝  երեք մարդու կյանք խլած  ահաբեկչության իրականացումը։  

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ  հայտարարել է, թե Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ «Դա ամենևին անընդունելի և վտանգավոր մոտեցում է»,- ասել է նա ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում՝ հավելելով, թե այդ մասին խոսք լինել չի կարող, Բաքուն երբեք դրան չի համաձայնել, և Երևանի պնդումներն այդ կապակցությամբ անտրամաբանական են, ուղղված են «արհեստական լարվածություն ստեղծելուն»։

Նկատենք, որ ս.թ. մարտի 1-ին տեղի ունեցած Ստեփանակերտ-Բաքու բանակցություններից առաջ՝ 44-օրյա պատերազմին հաջորդած ողջ շրջանում, ռուսական միջնորդությամբ քանիցս տեղի են ունեցել երկկողմ  բանակցություններ։ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը մարտի 1-ին տեղի ունեցած բանակցություններից հետո Հ1-ի եթերում հայտարարեց, որ քաղաքական հարցեր այդ քննարկումների ժամանակ չեն արծարծվել, այլ՝ բացառապես հումանիտար և տեխնիկական։  «Նոյեմբերի 9-ի (հայտարարությունից) հետո նմանատիպ հանդիպումներ բազմիցս են տեղի ունեցել, որոնց ընթացքում հիմնականում քննարկվում էին տարբեր՝ հումանիտար, տեխնիկական, ենթակառուցվածքների հետ կապված տարատեսակ հարցեր։ Պատերազմից հետո առաջին հերթին այդ հարցերը ուղղված էին մեր զոհված զինծառայողների մարմինների տարհանման, գերիներ վերադարձման, անհետ կորածների որոնողական աշխատանքներին։  Իսկ հաջորդ փուլերում դրանք ենթակառուցվածքների շահագործման հետ կապված հարցեր են եղել»,- նշել էր ԱՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ մինչև վերջին՝ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպումը  բանակցությունների «տրամաբանությունը միշտ էլ պահպանվում էր» Ադրբեջանի կողմից, մինչդեռ  մարտի 1-ի բանակցությունից հետո Բաքուն  որոշեց հանդիպման բովանդակության վերաբերյալ խեղաթյուրված տեղեկատվություն  շրջանառել։ 

Արցախ-Ադրբեջան բանակցությունները նորություն չեն, դրանք  տեղի են ունեցել դեռ մինչև 44-օրյա պատերազմը 
 

Որքան էլ քաղաքական որոշ շահագրգիռ շրջանակներ փորձում են Արցախ-Ադրբեջան երկխոսության անհրաժեշտությունը ներկայացնել որպես «Արցախից ձեռքերը լվանալու» և «միայնակ Արցախին Ադրբեջանի երախը նետելուն»  ուղղված քայլ, երկխոսություն-բանակցություն, որպես այդպիսին, նշված երկու սուբյեկտների միջև եղել է նաև նախկինում՝ Արցախյան առաջին պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների  և դրան հաջորդած շրջանում։ ԱՀ ԱԳՆ կայքում զետեղված տեղեկանքի համաձայն՝  չնայած Ադրբեջանը  փորձում էր անտեսել ղարաբաղյան կողմը՝ ձգտելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ, ԼՂՀ-ի և  Ադրբեջանի միջև կայացել է ուղիղ բանակցությունների մի քանի փուլ:  «Դրանք առանձնապես կարևոր նշանակություն ձեռք բերեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի թիմը երկու անգամ (1992 թ. սեպտեմբերին և 1993 թ. ապրիլին), ըստ էության, ընդհատեց Մինսկի բանակցային գործընթացը»,- նշված է ԱՀ ԱԳՆ տեղեկանքում:

ԼՂՀ-ի  և Ադրբեջանի առաջին ուղիղ խորհրդապահական շփումները կայացել են 1992 թ. սեպտեմբերի 5-ին Մոսկվայում ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական Արկադի Ղուկասյանի և Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Հիքմեթ Հաջիզադեի միջև:


Հաջորդիվ՝ 1993 թ. ապրիլի 10-16-ը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ միջնորդությամբ անցկացվեցին եռակողմ խորհրդապահական բանակցություններ Արկադի Ղուկասյանի, Հիքմեթ Հաջիզադեի և ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի միջև։ 

Ադրբեջանում Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո կողմերի միջև ուղիղ շփումները շարունակվել են, այդ թվում՝ հեռախոսակապի և ֆաքսի միջոցով: Առաջին հեռախոսազրույցը կայացել է  1993 թ. հունիսի 27-ին՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի և ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միջև:

1993 թ. հուլիսի 28-ին Մարտակերտի մոտակայքում տեղի է ունեցել  Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը, որին   ԼՂՀ կողմից մասնակցում էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը, ազգային անվտանգության գլխավոր վարչության նախագահ Կամո Աբրահամյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Աղասարյանը և Արսեն Մելիք-Շահնազարովը՝ որպես քարտուղար: Ադրբեջանական կողմը ներկայացնում էին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևը, պետական նախարար Ի. Ալիևը, Ռազմագերիների և պատանդների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ի. Քյազիմովը, ԱԳՆ ներկայացուցիչ Թ. Զուլֆուգարովը, քարտուղար Ն. Թալիբովը:

Հանդիպմանը ղարաբաղյան կողմը փոխանցել  է  ռազմական գործողությունների սահմանափակումը երկարաձգելու մասին համաձայնագրի տեքստը՝ ստորագրված պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից, որը Սաֆար Աբիևը ստորագրել է հաջորդ օրը և ֆաքսով ուղարկել Ստեփանակերտ:

1993 թ. սեպտեմբերի 12-13-ը Մոսկվայում կայացավ  ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի տեղակալ Աֆիյադդին Ջալիլովի հանդիպումը, որի արդյունքներով ընդունվեց համատեղ կոմյունիկե: Հանդիպման ընթացքում կողմերը ռազմաքաղաքական խնդիրների հետ մեկտեղ քննարկել են  նաև բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցը:
ԼՂՀ  Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևի միջև հանդիպում է  տեղի ունեցել նաև  1993 թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայում: Ադրբեջանական կողմի խնդրանքով հանդիպումը գաղտնի բնույթ էր կրում, հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել  շարունակելու ուղիղ շփումները։

Նույն օրը Աղդամի շրջանում՝ ռազմաճակատի գծում, տեղի ունեցավ  ԼՂՀ և Ադրբեջանի փոխվարչապետներ Ժիրայր Պողոսյանի և Աբբաս Աբբասովի հանդիպումը:  Երկկողմ հանդիպումների հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանը 1993 թ. ամռանը և աշնանը նաև կանոնավոր հեռախոսային կապ էին պահպանում ռազմական և քաղաքական ղեկավարության մակարդակով և փոխանակում պաշտոնական գրություններ:

Ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև բանակցությունների առանցքում  հրադադարի հարցն էր։  Այդ շփումների շնորհիվ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շուրջ տասը երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման մասին։ Այդ պայմանավորվածություններն էլ հանգեցրին  1994 թ. մայիսին ՌԴ-ի միջնորդությամբ  անժամկետ հրադադարի հաստատման համար։

Սակայն, չնայած ուղիղ հանդիպումների շարունակման վերաբերյալ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին, ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվեց ԼՂՀ հետ երկկողմ շփումներից: Այնուամենայնիվ, մինչև 1997 թ. բանակցությունները շարունակվում էին եռակողմ՝ ԼՂՀ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով: Ադրբեջանի  հրաժարումը  ԼՂՀ-ի  հետ շփումներից՝ թե՛ երկկողմ և թե՛ եռակողմ ձևաչափերով, լուրջ բարդություններ հարուցեց  բանակցային գործընթացում։ Ադրբեջանի ներկայիս պահվածքը՝ Ստեփանակերտի հետ բանակցությունները միջազգային հանրությանը  ներկայացնել որպես արցախահայության՝ «Ղարաբաղի ռեգիոնի» բնակչության «ռեինտեգրացիայի» միջոցառում,  նպատակ ունի խեղաթյուրել դրանց բովանդակությունն ու խոչընդոտել  բանակցային գործընթացի բնականոն,  կառուցողական ընթացքին։ 

շարունակելի


Հեղինե Մանուկյան