Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»․ վարչապետ

Լաչինի միջանցքում հերթական զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2022թ.-ի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ. «Բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհը ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք: Ձեռք բերված համաձայնությամբ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023թ. ապրիլի 1-ը: Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ տարածքում ՀՀ պետական սահմանի պահպանություն: Սահմանապահները կանգնելու են ՀՀ պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»:

Վարչապետն արձանագրեց, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոկբաստեր. «Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»:
 
Մանրամասն՝ տեսանյութում