Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները հանդիպում են Անկարայում

Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները հանդիպում են Անկարայում
Տարածաշրջան
17:04, 23 февраль 2021
Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Ռաշիդ Մերեդովն այսօր ժամանում են Անկարա՝ մասնակցելու իրենց թուրք գործընկերոջ հետ եռակողմ բանակցությունների։ Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի մայրաքաղաքում հյուրընկալում է այս ձևաչափով երեք երկրների հինգերորդ հանդիպումը։ Նախորդը կայացել էր 2017 թվականին՝ Բաքվում, հայտնում է Azatutyun.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երեք երկրների հակագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլեր։

Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ Պլանավորված է Թուրքմենստանի արտգործնախարարի առանձին հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

2019-ին Անկարայում երեք երկների էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել էին իրականացվող մի շարք միացյալ տարածաշրջանային նախագծեր, այդ թվում՝ Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տրանսպորտային միջանցքը և Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնումը։

Նախորդ շաբաթ նախատեսված էր նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում, սակայն բանակցությունների նախօրեին Վրաստանի վարչապետը Գիորգի Գախարիան հայտարարեց իր հրաժարականի մասին, արտգործնախարարությունները հայտնեցին հանդիպման հետաձգման մասին։ Մեկ ամիս առաջ էլ Իսլամաբադում կայացել էր Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Պակիստանի արտգործնախարարի հետ։