Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չենք վստահում «ռուսական երազանքին», քանի որ նրանք բազմիցս «գցել են» մեր հասարակությանը. Վրաստանում բողոքի ցույցերը կշարունակվեն, հնարավոր է՝ պահանջեն Սաակաշվիլու ազատ արձակումը

Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, որի ֆոնին բողոքի ակցիաներ էին սկսվել Վրաստանում, հետ է կանչվել երկրի խորհրդարանից։ 

«Մենք պետք է մեծ ուշադրությամբ վերաբերվենք մեր երկրում խաղաղությանը, հանգստությանը և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի առաջընթացին եվրաինտեգրման ճանապարհին: Ուստի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան անհրաժեշտ է ծախսել ոչ թե դիմակայության, այլ երկիրը ճիշտ ուղղությամբ զարգացնելու վրա»,- ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության (օրինագծի նախաձեռնող), «Ժողովրդի ուժ» հասարակական շարժման և խորհրդարանական մեծամասնության համատեղ հայտարարության մեջ:

Նշենք, որ Վրաստանի ոստիկանությունը մարտի 7-8-ը երկրի խորհրդարանի դիմաց անցկացված բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկել 133 քաղաքացու, իսկ մարտի 9-ի գիշերը ակցիան ցրելու ժամանակ տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։
«Մարտի 8-ին Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ և Ռուսթավելի պողոտայում հանրահավաքը մի քանի ժամ շարունակվել է խաղաղ, սակայն ավելի ուշ հանրահավաքի մասնակիցներից մեկը կոչ է արել գրոհել խորհրդարանի շենք։ Շենքի մուտքերի զանգվածային շրջափակման ժամանակ դրա մասնակիցները գործել են ագրեսիվ, վնասել են երկաթե ցանկապատերը, մուտքի դռները, ջարդել են պատուհանների ապակիները, քարեր և այլ առարկաներ են նետել խորհրդարանի բակ, պիրոտեխնիկա են կիրառել ոստիկանների դեմ, ովքեր ստիպված են եղել ուժ կիրառել բռնի գործողությունները ճնշելու համար»,- հայտարարել է ներքին գործերի նախարարությունը։
Նշենք, որ ցույցը ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է հատուկ միջոցներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և այլն։
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մենք զրուցել ենք Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։ Վերջինս նշեց, որ Վրաստանում բողոքի ցույցերի մասնակիցների ամենաակտիվ մասը երիտասարդությունն է, իսկ Վրաստանում երիտասարդությունն այդպիսի բողոքի ցույցերում միշտ անկանխատեսելի գործոն է։

«Եվ հիշենք. Պետդեպից մինչև ԵՄ բոլորը դեմ էին  այդ օրինագծին։ Միգուցե շտապեցին, ներքաղաքական պայքարի իմաստն է այս ամենը, և իրենք ինչ-որ չափով շտապեցին՝ առաջին ընթերցմամբ ընդունելով, և այսպիսի արձագանք տեսնելով՝ կամ տակտիկական նահանջ  արեցին, կամ փորձելու են այսօր ինչ-որ երկխոսության գալ։ Եվ նաև շատ կարևոր է այստեղ շեշտել, որ որոշ կոմունիկացիա է տեղի ունեցել Վաշինգտոնի հետ, և միգուցե որոշ հարցեր նաև այս երկկողմ հարաբերությունների շրջանակում են քննարկվել։ Ի վերջո ֆիքսել է պետք, որ մեզ մոտ Հայաստանում էլ տարբեր ձևով է մեկնաբանվում այս ամենը՝ պրոռուսական Վրաստան, եսիմ ինչ պիտակներով է  ներկայացվում որոշ հասարակական, քաղաքական գործիչների կամ ԶԼՄ-ների կողմից: Այստեղ հստակ է, որ Վրաստանն իր եվրաատլանտյան արտաքին քաղաքականությունը չի փոխում։ Կային որոշ բարդություններ և խնդիրներ Բրյուսելի հետ հարաբերություններում, որոնք ավելի շեշտադրված եղան, երբ իրենք ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ չստացան, դրա համար այսօր փորձ են անելու ինչ-որ չափով ռեստարտ անելու և հետկանչով ստաբիլիզացնել իրավիճակը»,- ասաց  Ջոնի Մելիքյանը։    
Նա նշեց, որ շատ բան կախված է այսօրվա ցույցից։ Ըստ Ջոնի Մելիքյանի՝ ընդդիմությունը փորձելու է հիմա էլ նախաձեռնությունն իր վրա վերցնել և այլ հարցեր առաջ քաշել, միգուցե պահանջեն Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլու ազատ արձակումը և այլն։
Խոսելով նաև այն մասին, որ երեկ Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ մասնակիցներից մեկը ուղիղ եթերում հայտարարել էր, թե Հայաստանից հատուկջոկատայիններ են բերվել Վրաստան՝ իրենց ցույցերը ցրելու համար, Ջոնի Մելիքյանն ասաց՝ քանի որ որոշ վրացական շրջանակներ համարում են, որ իրենց իշխանությունը պրոռուսական է, նույն շրջանակները կարող են մտածել, որ Հայաստանը ևս պրոռուսական է, և որոշ ֆեյքերի միջոցով փորձում են այլ հարցեր առաջ քաշել։ Նա չբացառեց, որ դա կարող էր և կազմակերպված լինել նաև Ադրբեջանի կողմից։ 

Վրացական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ օրենքի նախագծի դեմ ակցիայի կազմակերպիչների՝ «Ազգային շարժման» նախաձեռնող խումբը համատեղ հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում են, որ այսօր երեկոյան ժամը յոթին իրենք կրկին բողոքի ակցիա են անցկացնելու, քանի որ կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր վստահություն չունեն «Վրացական երազանքի» նկատմամբ։ 

«Ազգային շարժման» անդամ Իրակլի Փավլենիշվիլին էլ նշել է. «Այսօր ժամը 19:00-ին բոլորս հանդիպում ենք Ռուսթավելիում։ Մենք չենք վստահում ռուսական երազանքին՝ բառերի համար, քանի որ նրանք բազմիցս «գցել են» մեր հասարակությանը։ Դրա համար կարևոր է գործեր անել, ոչ թե խոստումներ տալ: Դա չի կարելի համարել ձեռք բերված հաղթանակ, հատկապես այն դեպքում, երբ տասնյակ երիտասարդներ են ձերբակալված, իսկ շատերի գտնվելու վայրը հայտնի չէ։ Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն։ Մեր բողոքի ալիքն ու պայքարը չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի եվրոպական հեռանկարը երաշխավորված չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան