Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի ԼՂ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար. Պեսկով

Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի ԼՂ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար. Պեսկով
Ռուսաստան
18:33, 19 сентябрь 2023
Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն իրականացնելիս պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները խաղաղ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության ֆոնին մեզ համար առաջինը Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելն է, խոսքը, իհարկե, հայ բնակչության մասին է: Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները փորձում են Լեռնային Ղարաբաղում գործընթացը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն։
«Առաջին հերթին, իհարկե, մեր զինվորականներն այժմ աշխատում են կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու ուղղությամբ, դրա համար միակ անփոփոխ բազան երկամյա և եռամյա վաղեմության եռակողմ փաստաթղթերն են»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ 

Նա հավելել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին նախապես չի զգուշացրել Լեռնային Ղարաբաղում պատրաստվող օպերացիայի մասին։
Այս առնչությամբ Պեսկովը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթը, սակայն, այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում է մնալ բարդ»։

Պատասխանելով ռուս խաղաղապահների կոնտինգենտի ավելացման հնարավորության մասին հարցին՝ նա նշել է. «Առաջարկները ձևակերպվում են մեր զինվորականների կողմից, և, իհարկե, դա ենթակա է բոլոր երկրների հետ համաձայնության»։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ միայն զինվորականները կարող են փորձաքննություն տրամադրել թվաքանակի «նման ավելացման նպատակահարմարության» մասին։