Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն հուսով է՝ կհստակեցվեն Փաշինյանի խոսքերը անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին. Պեսկովը՝ WSJ-ին տված ՀՀ վարչապետի հարցազրույցի մասին

ՌԴ-ն հուսով է՝ կհստակեցվեն Փաշինյանի խոսքերը անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին. Պեսկովը՝ WSJ-ին տված ՀՀ վարչապետի հարցազրույցի մասին
Ռուսաստան
15:10, 26 октябрь 2023
Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները Երևանին «ըստ էության հանգեցրին» «անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման <...> անհրաժեշտության մասին որոշման»։ 

«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ին ընկալել որպես սկզբնաղբյուր, ուստի դեռ պետք է հստակ հասկանալ, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը,- նշել է Պեսկովը։- Եվ, իհարկե, մեր հայ բարեկամների հետ զրույցում մենք ակնկալում ենք ստանալ ամբողջական տեղեկատվություն այս հաշվով: Եվ, իհարկե, Ռուսաստանին և Հայաստանին պետք չէ շփվել թերթերի միջոցով, առավել ևս՝ Wall Street Journal-ի: Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ և շարունակելու ենք դա անել, մենք ունենք շատ ծավալուն օրակարգ»։ 

Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, «փորձերը՝ օգնելու Բաքվին և Երևանին վերջապես անցնելու խաղաղության պայմանագրի կնքման»։ «Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում ավելի դրական, ստեղծագործ կենսամակարդակի դուրս գալու համար»,- ամփոփել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։