Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԿԲ-ը արտարժույթի կանխիկացման նոր կարգ է սահմանել

ՌԴ ԿԲ-ը արտարժույթի կանխիկացման նոր կարգ է սահմանել
Ռուսաստան
10:42, 09 март 2022
2022 թվականի մարտի 9-ից սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Բանկը (ԿԲ) սահմանում է քաղաքացիների արտարժութային ավանդներից կամ հաշիվներից միջոցների դուրս հանման նոր ընթացակարգ։

Ներկայացնում ենք Ռուսաստանի Բանկի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ։ 

Արտարժութային հաշիվներում կամ ավանդներում հաճախորդների բոլոր միջոցները պահպանված եւ հաշվառված են ավանդի արժույթով, հաճախորդը կարող է դուրս հանել մինչեւ $10 հազար կանխիկ արժույթով, իսկ մնացած միջոցները ռուբլով` գումարի տրամադրման օրվա շուկայական փոխարժեքով:

Ռուսաստանյան բանկերում արտարժութային հաշիվների մոտ 90%-ը չի գերազանցում $10 հազար չափը, այսինքն՝ արտարժութային ավանդների կամ հաշիվների սեփականատերերի 90%-ը կկարողանա ամբողջությամբ ստանալ իրենց միջոցները կանխիկ արժույթով։

Սույն ժամանակավոր ընթացակարգի գործողության ընթացքում արժույթը կտրամադրվի ԱՄՆ դոլարով՝ անկախ հաշվի արժույթից: Այլ արժույթների փոխարկումն ԱՄՆ դոլարի կկատարվի գումարի տրամադրման օրվա շուկայական փոխարժեքով:

Արտարժույթը հնարավոր կլինի ստանալ բանկի դրամարկղից:

Քաղաքացիները կարող են շարունակել միջոցները պահել արտարժութային ավանդներում կամ հաշիվներում: Բոլոր միջոցները պահպանված եւ հաշվառված են այն արժույթով, որով բացվել է հաշիվը կամ ավանդը: Ավանդի կամ հաշվի պայմանները չեն փոխվում։ Ավանդների տոկոսները, ինչպես միշտ, կհաշվարկվեն այն արժույթով, որով բացվել է ավանդը:

Քաղաքացիները կկարողանան բացել նոր արտարժութային հաշիվներ եւ ավանդներ, սակայն դրանցից միջոցներ հնարավոր կլինի դուրս հանել ռուբլով՝ գումարի տրամադրման օրվա շուկայական փոխարժեքով՝ քանի դեռ գործում է կանխիկ արտարժույթի հետ գործարքների նոր ընթացակարգը։

Ժամանակավոր ընթացակարգի գործողության ընթացքում բանկերը քաղաքացիներին կանխիկ արտարժույթ չեն վաճառի։ Կանխիկ արտարժույթը հնարավոր կլինի փոխանակել ռուբլու ցանկացած պահի եւ ցանկացած ծավալով։

Բոլոր բանկերի հաճախորդներն, առանց բացառության, կարող են իրենց միջոցները ստանալ արտարժութային ավանդներից կամ հաշիվներից: Բանկերին կարող է պահանջվել մի քանի օր պահանջվող գումարը կանխիկ արտարժույթով կոնկրետ բաժանմունք բերելու համար: