Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական նավթի հնարավոր էմբարգոն «կհարվածի բոլորին»․ Պեսկով

Ռուսական նավթի հնարավոր էմբարգոն «կհարվածի բոլորին»․ Պեսկով
Ռուսաստան
18:09, 21 март 2022
Ռուսաստանի նավթի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու Եվրամիության որոշումը, եթե ընդունվի, լրջորեն կազդի համաշխարհային շուկայի վրա, կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ հաշվեկշիռները և հարված կհասցնի բոլորին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ զգուշացնելով, որ եվրոպացիները միաժամանակ «դժվար ժամանակներ կապրեն»։

«Իսկապես, ակտիվորեն քննարկվում է ռուսական նավթի մատակարարման էմբարգոյի թեման: Այս թեման շատ բարդ է, քանի որ նման էմբարգոն շատ լուրջ կազդի նավթի համաշխարհային շուկայի վրա», - ասել է։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ նման որոշումը «լրջորեն կազդի եվրոպական մայրցամաքի էներգետիկ հաշվեկշիռների վրա»։ «Միևնույն ժամանակ, ամերիկացիները կմնան ինքնուրույն, սա ակնհայտ է, և իրենց շատ ավելի լավ կզգան, քան եվրոպացիները, նրանք ,դժվար ժամանակներ կունենան: Հավանաբար, սա մի որոշում է, որը հարվածելու է բոլորին»,- ամփոփել է Պեսկովը:

Երկուշաբթի օրը Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, որ Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փուլի վրա՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Մասնավորապես, ԵՄ դիվանագետները գործակալությանը հայտնել են, որ մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, պնդում են Մոսկվայի դեմ նավթի էմբարգո սահմանել։ 

Երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ծրագրված հանդիպումը, որի գլխավոր թեման կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարտության զարգացման հնարավոր սցենարների իր վերլուծությունը:

Մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին՝ որպես պատժամիջոց՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ։ Խոսքը նավթի և նավթամթերքների, նավթային վառելիքի և յուղերի, դրանց թորման արտադրանքի, ինչպես նաև գազի և ածուխի արտադրանքի մասին է։ Բայդենի հրամանագրով նաև արգելվել է ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում և արտասահմանյան ընկերությունների ֆինանսավորումը, որոնք ներդրումներ են կատարում ՌԴ-ում էներգիայի արտադրության մեջ։ 

Նարե Բաբերյան