Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան ընդլայնում է «ոչ բարեկամ երկրների» ցուցակը

Մոսկվան ընդլայնում է «ոչ բարեկամ երկրների» ցուցակը
Ռուսաստան
22:30, 22 июль 2022
Ռուսաստանի կառավարությունն ընդլայնել է օտարերկրյա պետությունների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ։ Ուրբաթ՝ հուլիսի 22-ին, ՌԴ Կառավարության կայքում հրապարակված՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանի համաձայն՝ ցուցակում ավելացել են Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան։

Փաստաթուղթը սահմանափակում է, նույնիսկ արգելում դեսպանատներին ու հյուպատոսարաններին աշխատանքի ընդունել Ռուսաստանի տարածքում գտնվող անձանց:

«Նոր կարգի համաձայն՝ Հունաստանը պետք է ունենա 34 աշխատող, Դանիան՝ 20, Սլովակիան՝ 16: Սլովենիան և Խորվաթիան չեն կարող աշխատակիցներ վարձել իրենց դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում»,- նշվում է փաստաթղթում։

Այս ցուցակը ստեղծվել է 2021 թվականի մայիսին և ի սկզբանե ներառում էր միայն Չեխիան և Միացյալ Նահանգները։ 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից և դրան հաջորդած արևմտյան պատժամիջոցների ռեժիմի կտրուկ խստացումից հետո, ստեղծվեց «ոչ բարեկամ երկրների» ևս մեկ ցուցակ՝ ներառելով ԵՄ բոլոր երկրները, Մեծ Բրիտանիան և ևս մոտ 20 պետություն։ Խոսքն այն երկրների մասին է, որոնք, ՌԴ իշխանությունների կարծիքով, ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի հանդեպ։