Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սկսվել են հնգօրյա հանրաքվեներ՝ ՌԴ կազմ մտնելու հարցով

Այսօր ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սկսվել են հնգօրյա հանրաքվեներ՝ ՌԴ կազմ մտնելու հարցով
Ռուսաստան
12:37, 23 сентябрь 2022
Ռուսաստանի կողմից բռնազավթված Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի և Խերսոնի մարզերում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, սկսվել են հնգօրյա հանրաքվեները, որի արդյունքներով Կրեմլը, հավանաբար, կհայտարարի այդ տարածքները Ռուսաստանին միացնելու մասին։ Այս անգամ ռուսական իշխանությունները չեն էլ փորձում այս ընթացակարգին ինչ-որ լեգիտիմության տեսք տալ, ինչպես ձգտեցին 2014 թվականին Ղրիմում, հաղորդում է BBC-ն:

Առաջին չորս օրվա ընթացքում տարածքների բնակիչների շրջանում շրջայց են կատարելու հատուկ մարդիկ, կամ էլ հնարավոր կլինի քվեարկել տնամերձ տարածքներում։ Եվ միայն վերջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, բնակիչների համար կբացվեն ընտրատեղամասերը։ Այդ մարզերի իշխանություններն այս որոշումը բացատրում են բնակիչների անվտանգության մտահոգությամբ, որոնցից շատերը ստիպված կլինեն քվեարկել ռազմաճակատին մերձ բնակավայրերում։ 

Ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, որոնց անկախությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է փետրվարին, բնակիչներին տրվելու է մեկ հարց. «Արդյոք նրանք ցանկանո՞ւմ են միանալ Ռուսաստանին»: Զապորոժիեի և Խերսոնի մարզերի օկուպացված հատվածներում երեք հարց միավորվելու է մեկի մեջ. «Դուք կո՞ղմ եք, որ մարզը դուրս գա Ուկրաինայի կազմից, ձևավորվի որպես ինքնուրույն պետություն և մտնի Ռուսաստանի Դաշնության կազմ՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով»։ 

BBC-ի հաղորդմամբ՝ բռնազավթված տարածքներում հանրաքվեները, ինչպես նաև 2014 թվականի Ղրիմի հանրաքվեն հակասում են ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական օրենսդրությանը: Ռուսական օրենսդրությամբ՝ հնարավոր է հանրաքվե նախաձեռնել, կազմակերպել և անցկացնել առնվազն չորս ամսում։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի օրենսդրությանը, ապա Ուկրաինայի Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է, որ երկրի տարածքի փոփոխության հարցը կարող է որոշվել միայն համաուկրաինական հանրաքվեով։