Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեդվեդևը «շատ հապճեպ քայլ» է համարել Ուկրաինային զենք մատակարարելու Իսրայելի որոշումը

Մեդվեդևը «շատ հապճեպ քայլ» է համարել Ուկրաինային զենք մատակարարելու Իսրայելի որոշումը
Ռուսաստան
15:49, 17 октябрь 2022
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ԱԽ) ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը համոզված է, որ Իսրայելը սխալ է թույլ տալիս՝ մտադրվելով զենք մատակարարել Ուկրաինային. այդ քայլը կկործանի Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունները։ Այսօր այսպիսի կարծիք է հայտնել Մեդվեդևը իր Telegram-ալիքում։

«Իսրայելը կարծես թե պատրաստվում է զենք մատակարարել Կիևի ռեժիմին։ Շատ հապճեպ քայլ է։ Դա կկործանի մեր երկրների միջև բոլոր միջպետական հարաբերությունները»,- գրել է քաղաքական գործիչը։

Միաժամանակ նա նշել է, որ «Բանդերայի վիժվածքները ինչպես եղել են նացիստներ, այդպես էլ մնացել են»։ «Բավական է նայել նրանց ժամանակակից ստորաքարշ հետևորդների խորհրդանիշներին: Նրանց զենք մատակարարելու դեպքում Իսրայելը Բանդերային ու Շուխևիչին կհռչակի իր հերոսներ»,- գրել է Մեդվեդևը:

Ավելի վաղ Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Նախման Շայը կարծիք էր հայտնել, որ երկիրը պետք է սկսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունների օրինակով։