Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը որոշել է արտադրել «Մոսկվիչ» մեքենաներ՝ Renault-ի հեռանալուց հետո

Ռուսաստանը որոշել է արտադրել «Մոսկվիչ» մեքենաներ՝ Renault-ի հեռանալուց հետո
Ռուսաստան
13:52, 21 октябрь 2022
Ռուսաստանը ծրագրում է դեկտեմբերին սկսել խորհրդային ժամանակաշրջանի «Մոսկվիչ» ավտոմեքենաների արտադրությունը, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ֆրանսիական Renault ավտոարտադրողի հեռանալուց ավելի քան վեց ամիս անց:

Ինչպես հաղորդվում է, Renault-ը վաճառել է «ԱվտոՎԱԶ» ավտոարտադրողի բաժնետոմսերի փաթեթը ռուսական պետությանը ընդամենը մեկ ռուբլով (0,0165 ԱՄՆ դոլար), բայց հետգնման վեց տարվա օպցիոնով: Նույն պետական հաստատությունը այս ամիս գնել է Nissan-ի ակտիվները մեկ եվրոյով:

Սոբյանինը մայիսին հայտարարել էր, որ «Մոսկվիչի» արտադրությունը կպահպանի հազարավոր աշխատատեղեր, սակայն գործարանը, որը վերանվանվել է Մոսկվայի ավտոմոբիլային «Մոսկվիչ» գործարան, այդ ժամանակվանից կանգնած է:

«Ավտոարդյունաբերությունը լրջորեն ձախողվեց այս տարի, բայց, այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ դեկտեմբերին մենք կկարողանանք գործարկել «Մոսկվիչ» գործարանը արդյունաբերության և առևտրի նախարարության օգնությամբ»,- Սոբյանինի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

«Մոսկվիչ»-ի արտադրությունը դադարեցվել է մոտ երկու տասնամյակ առաջ: Հինգշաբթի օրը «Մոսկվիչ» գործարանը հայտարարել էր, որ հույս ունի այս տարի արտադրել մոտ 600 ավտոմեքենա, այդ թվում՝ 200 էլեկտրամեքենա, իսկ 2023 թվականին՝ 50.000 ավտոմեքենա:

Գործարանը մեջբերել է Սոբյանինի խոսքերը, որը հայտարարել էր, թե Մոսկվան ունի բոլոր անհրաժեշտ գիտելիքները՝ էլեկտրամեքենաների արդյունաբերական կենտրոն դառնալու համար։