Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը վերադարձել է «հացահատիկային գործարքին»՝ որպես գործընկերոջ վստահելով Թուրքիային». Պեսկով

«Ռուսաստանը վերադարձել է «հացահատիկային գործարքին»՝ որպես գործընկերոջ վստահելով Թուրքիային». Պեսկով
Ռուսաստան
15:57, 03 ноябрь 2022
«Հացահատիկային գործարքին» Թուրքիայի մասնակցությունը ռուսական կողմի համար վստահության գլխավոր գործոնն է, այդ թվում՝ Կիևի կողմից իր վերջին պարտավորությունների կատարման հարցերում, հայտարարել է Կրեմլը։

«Տվյալ դեպքում երաշխիքները եղել են թուրքական կողմում, հասկանալի պատճառներով դրանք ուղղակիորեն մեզ չեն կարող տրամադրվել: Եվ այս դեպքում Մոսկվան և Անկարան հանդես են գալիս որպես կողմեր, որոնց տրվել են այդ երաշխիքները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը համաձայնեց վերականգնել գործարքը Կիևի երաշխիքներով՝ հաշվի առնելով Մինսկի պայմանավորվածությունները չկատարելու գոյություն ունեցող փորձը։

Նա ընդգծել է, որ շեշտադրվում է գործարքի կարևորությունը, ինչպես նաև այն աշխատանքը, որն իրականացվել է թուրք զինվորական դիվանագետների և անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ «Եվ դա նույնպես՝ Թուրքիայի մասնակցությունը դրան, հավանաբար վստահության գլխավոր գործոնն է»,- ասել է Պեսկովը։

 Շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան, հաշվի առնելով Սևաստոպոլում ուկրաինական անօդաչուների հարձակումը Սևծովյան նավատորմի նավերի վրա, անորոշ ժամկետով կասեցնում է ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» իրականացումը։ 

Նոյեմբերի 2-ին Ռուսաստանը վերականգնել է համաձայնագրի կատարումը։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի մասնակցության շնորհիվ Ուկրաինայից ստացվել են գրավոր երաշխիքներ, որ «հացահատիկային միջանցքը» Կիևը չի օգտագործի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։