Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են. Զախարովա

Հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են. Զախարովա
Ռուսաստան
16:24, 12 январь 2023
Հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապում են ամուր բարեկամական կապերը, դրանք արմատացած են պատմության խորքերում: Մենք տրամադրված ենք այսուհետ ևս ամեն կերպ ամրապնդելու ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ: Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթություն է»,- ասել է նա։ 

Զախարովան ընդգծել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման գործում և պահպանում են նրա սահմանները։ «Սա օբյեկտիվ իրականություն է, որը անհնար է հերքել, ընդ որում՝  ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ ահա արկածախնդիրները, ովքեր կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս այդ քայլի իրական հետևանքների մասին»,- նշել է դիվանագետը։