Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ Պետդումայում քննարկվում է երկիրը լքած ՌԴ քաղաքացիների ունեցվածքը բռնագրավելու հարցը

ՌԴ Պետդումայում քննարկվում է երկիրը լքած ՌԴ քաղաքացիների ունեցվածքը բռնագրավելու հարցը
Ռուսաստան
18:19, 24 январь 2023
ՌԴ Պետդումայի պատգամավորները քննարկում են երկիրը լքած ռուսների ունեցվածքը բռնագրավելու հարցը, որոնք «ցեխ են շպրտում երկրի վրա»։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Երբ ասում են՝ չափազանց միջոց՝ կապված (գույքի) բռնագրավման հետ, խոսքը այն սրիկաների մասին է, որոնք օրենք են խախտել, վնաս պատճառել։ Եվ դրա համար պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Որպես կանոն, պատժի այլ միջոցները նրանց վրա չեն ազդում, գուցե նույնիսկ չեն էլ արձագանքում դրանց, քանի որ եկամուտ ունեն, երկիրը կերակրում է նրանց։ Բայց այստեղ, երևի, կարելի է դիտարկել նման մոտեցում, մենք այժմ ուսումնասիրում ենք դա, այս ուղղությամբ աշխատանքներ են սկսվել»,- ասել է նա Դումայի նիստում։
 
Ինչպես ընդգծել է Վոլոդինը, կան «սրիկաներ, որոնք գնացել են, բայց երկրի հաշվին են ապրում, ստանում են գումարներ, հոնորարներ»։

«Նրանք այստեղ ունեն անշարժ գույք, հաշիվներ, բիզնես, միաժամանակ երկրի վրա ցեխ են շպրտում, ոտքերն են սրբում, մենք, պարզ է, պետք է նրանց արձագանքենք: Եվ, իհարկե, հնարավոր է ընդունվեն օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ոչ միայն կանգնեցնենք նրանց,  այլև պաշտպանենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են՝ պաշտպանելով մեր հայրենիքը»,- նշել է նա։

Միաժամանակ Դումայի նախագահն ընդգծել է, որ երկիրը լքած ռուսների նկատմամբ պետք է լինի տարբերակված մոտեցում՝ «ըմբռնումով այն բանի, թե նրանցից ով ինչ է արել»։