Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմուտքը ցանկանում է սեպ խրել Մոսկվայի և ԱՊՀ երկրների միջև». ՌԴ ԱԳՆ

«Արևմուտքը ցանկանում է սեպ խրել Մոսկվայի և ԱՊՀ երկրների միջև». ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
16:29, 30 январь 2023
Ռուսաստանը տեսնում է, որ Արևմուտքը, օգտվելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից, բացարձակ անպատկառ փորձեր է անում՝ ԱՊՀ երկրներում արհեստականորեն հրահրելու հակառուսական տրամադրություններ, սեպ խրելու Մոսկվայի հետ բարիդրացիական և փոխշահավետ  հարաբերություններում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերի։ Դրանք հրապարակված են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։

Գերատեսչությունը նշել է, որ «արևմտյաններին բնորոշ ավելի ու ավելի լպիրշ ձևով նրանք ոչ թե պարզապես Ռուսաստանի բարեկամներին և դաշնակիցներին դնում են ընտրության առաջ՝ «կամ նրանց հետ, կամ մեր դեմ», այլ նաև ցանկանում են քայքայել մեզ միավորող բազմապլան կապերը»:

«Դա ոչ այլ ինչ է, քան բացահայտ և լկտի միջամտություն Համագործակցության պետությունների ներքին գործերին, հանրային գիտակցությունը մանիպուլացնելու և օտար արժեքներ ու պսևդոժողովրդավարական ստանդարտներ պարտադրելու փորձ։ Մենք համոզված ենք, որ այս բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ «մերձակա արտասահմանյան երկրների քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ունակ է ինքնուրույն պարզելու, թե որտեղ է ճշմարտությունը, և որտեղ՝ կեղծիքը»։

Բացի դրանից, ԱԳՆ-ն ընդգծել է, որ «հետխորհրդային տարածքում շատ երկրներ Ռուսաստանի համար ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, որոնց հետ մեզ կապում է սերտ համագործակցությունը գործնականում բոլոր ոլորտներում, ընդհանուր անցյալը և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը»։