Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«iPhone-ը կամ դեն եք նետում, կամ տալիս երեխաներին». Կրեմլի աշխատակիցներն iPhone-ից հրաժարվելու հրահանգ են ստացել. «Կոմերսանտ»

«iPhone-ը կամ դեն եք նետում, կամ տալիս երեխաներին». Կրեմլի աշխատակիցներն iPhone-ից հրաժարվելու հրահանգ են ստացել. «Կոմերսանտ»
Ռուսաստան
14:25, 20 март 2023
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցներին խորհուրդ են տվել մինչև ապրիլի սկիզբը ազատվել iPhone-ից՝ դրանք փոխարինելով այլ արտադրողների սմարթֆոններով։

Պաշտոնյաները նման հրահանգ են ստացել մարտի սկզբին Մերձմոսկվայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել են միջոցառմանը ներկա մի քանի աղբյուրներ։

«iPhone-ը վերջացավ: Կամ դեն եք նետում, կամ տալիս երեխաներին: Մարտին ստիպված կլինեն սա անել բոլորը»,- հայտարարել է նրանցից մեկը։ 

Թերթի զրուցակիցների խոսքով՝ պահանջը պայմանավորված է անվտանգության նկատառումներով։ Նախագահի աշխատակազմը կարծում է, որ Apple-ի սմարթֆոնները մեծ չափով ենթակա են կոտրվելու և արևմտյան փորձագետների կողմից լրտեսվելու։

Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ պաշտոնյաներին խորհուրդ է տրվել iPhone-ները փոխել Android-ի օպերացիոն համակարգերի մոդելներով, դրանց չինական նմանակներով կամ ռուսական «Ավրորա»-ով: