Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաագայի միջազգային դատարանը «խամաճիկ է կոլեկտիվ Արևմուտքի ձեռքում». Պեսկով

Հաագայի միջազգային դատարանը «խամաճիկ է կոլեկտիվ Արևմուտքի ձեռքում». Պեսկով
Ռուսաստան
14:33, 11 май 2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել Բոսնիա և Հերցեգովինայի ATV հեռուստաալիքին։ Զրույցի հիմնական թեման ռուսական ներխուժումն է Ուկրաինա։

Պեսկովը, մասնավորապես, հայտնել է, որ այն նպատակները, որոնք Ռուսաստանն իր առջև դրել էր «հատուկ ռազմական գործողություն» սկսելիս, պատերազմի ավելի քան մեկ տարվա ընթացքում «մասամբ» իրականացվել են, բայց «Դոնբասի բնակիչներին պաշտպանելու» հարցում «հեռու են բոլոր խնդիրների լուծումից»։ 

Ուկրաինայում ռուսական զորքերի էական ռազմական հաջողությունների բացակայությունը Պեսկովը բացատրել է հետևյալ կերպ. «Դուք կասեք՝ ինչո՞ւ են ռուսներն այդքան դանդաղ գործում։ Որովհետև ռուսները չեն պատերազմում, մենք չենք պատերազմում։ Պատերազմ վարելը բոլորովին այլ բան է, դա ենթակառուցվածքների տոտալ ոչնչացում է, դա քաղաքների լիակատար ոչնչացում է։ Մենք դա չենք անում:

Պեսկովի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներգրավված է պատերազմի մեջ։

«Հատուկ գործողությունը սկսվել է որպես հակամարտություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև,- ասել է Պուտինի մամուլի քարտուղարը:- Այդ պահին դժվար էր պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եվրոպական երկրները նախ կողմնակի, իսկ հետո ուղղակի կմիջամտեն այս հակամարտությանը: Այժմ ՆԱՏՕ-ն դե ֆակտո այս հակամարտության մասնակից է Ուկրաինայի կողմից»:

Խոսելով Բախմուտի համար մղվող մարտերի մասին, որոնք ռուսական ուժերը, այդ թվում՝ «Վագներ»-ի վարձկանները, փորձում են գրավել արդեն մի քանի ամիս, Պեսկովը հայտարարել է. «Այնտեղ իսկապես շատ էմոցիոնալ իրավիճակ է։ Այնտեղ իրականացվում են շատ ծանր հարձակողական գործողություններ։ Դա շատ ուժեղ ամրացված շրջան է»։

«Այնտեղ էմոցիաները, իհարկե, զգալի են»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը ՝ ուղղակիորեն չհիշատակելով «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի և պաշտպանության նախարարության ղեկավարության միջև հրապարակային կոնֆլիկտը: Պրիգոժինը պաշտպանության նախարարությանը մեղադրում է վարձկաններին զինամթերք չմատակարարելու մեջ։

«Անուններ չեմ նշի, բայց կասեմ, որ անկախ նրանից, թե ինչ են նրանք ասում և ինչ հայտարարություններ են անում, խոսքը ռուսական զինված ուժերի մասին է։ Դրանք բոլորը ռուսական ուժեր են։ Այդ ուժերը նույն նպատակն են հետապնդում»,- հայտարարել է Պեսկովը։ 

Այս հարցազրույցում նա Ուկրաինան անվանել է ահաբեկչության հովանավոր պետություն՝ մինչև Կրեմլ թռչող դրոնների պատճառով։ Ուկրաինան պնդում է, որ չի հարվածում Ռուսաստանի թիրախներին: Իսկ Հաագայի միջազգային դատարանը, որը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, Պեսկովն անվանել է «խամաճիկ, այսպես կոչված, կոլեկտիվ Արևմուտքի ձեռքում»։