Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած Պեսկովի հայտարարությանը՝ Պրիգոժինի դեմ ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործը չի կարճվել. «Ինտերֆաքս»

Չնայած Պեսկովի հայտարարությանը՝ Պրիգոժինի դեմ ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործը չի կարճվել. «Ինտերֆաքս»
Ռուսաստան
12:48, 26 июнь 2023
«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործը չի կարճվել, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության աղբյուրը։ «Գործը չի փակվել, հետաքննությունը շարունակվում է»,- ասել է աղբյուրը։

Շաբաթ օրը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «2023 թվականի հունիսի 23-ին Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը օրինական և հիմնավոր կերպով քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ զինված ապստամբություն կազմակերպելու համար»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Պրիգոժինի դեմ քրեական գործը կարճվելու է, նա գնալու է Բելառուս։