Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարվածությունը խորանում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև. VOA

Լարվածությունը խորանում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև. VOA
ԱՄՆ / Ռուսաստան
23:04, 18 март 2021
Լարվածությունը խորանում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց 2020 թվականի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու Պուտինի փորձերի մասին. գրում է VOA-ն:

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից հրապարակված զեկույցի համաձայն, նախագահական անցած ընտրություններում Վլադիմիր Պուտինը հրահանգել է խանգարել Ջո Բայդենի թեկնածությանը, ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի:

Ջո Բայդենը Պուտինին է հղել սուր խոսքեր ու նրան անվանել «մարդասպան» ու ավելացրել, որ վերջինս «դրա դիմաց մեծ գին է վճարելու»:

Սպիտակ տան խոսնակն էլ ավելացրել է, որ այս կապակցությամբ շուտով մանրամասններ կներկայացվեն:

Կրեմլի գլխավոր քննադատ Ալեքսեյ Նավալնիին Ռուսաստանում թունավորելու պատճառով, ԱՄՆ-ը չորեքշաբթի օրը հայտատարել էր դեպի Ռուսաստան մի շարք արտահանումների վրա դրված պատժամիջոցները խստացնելու որոշման մասին: Ընտրություններին միջամտելու փորձերի պատճառով էլ սպասվում են այլ պատժամիջոցներ: Այս ընթացքում Մոսկվան Վաշինգտոնից հետ է կանչում իր դեսպանին:

Ըստ ԱՄՆ-ի հետախուզության զեկույցի, Ռուսաստանը սուտ լուրեր ու մեղադրանքներ է ընտրություններից առաջ տարածել նախագահական թեկնածու Ջո Բայդենի մասին: Այդ նպատակի համար ռուսներն օգտագործել են ուկրաինացի գործակալների, որոնք աշխատել են Թրամփի ներքին շրջանակի հետ համագործակցելով, որոնց թվում է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին:

Ապատեղեկատվություն տարածելու արշավները կարող են շարունակվել, քանի որ ամերիկյան հասարակության մեջ շարունակվում է բևեռացումը:

Վիլսոնի կենտրոնը ներկայացնող վերլուծաբան Նինա Ջանկովիչն ասում է, թե ԱՄՆ-ի թշնամիները կիրառում են «Սեւամորթների կյանքը նշանակություն ունի» շարժումը, կամ օրինակ արհեստական վիժեցումների ու հրազենի մասին օրենքները: «Ռուսներն այս հարցերի շուրջ կարողանում են սրել մարդկանց միջև լարվածությունն ԱՄՆ-ում ու փորձում են այսպիսով թուլացնել ժողովրդավարական համարկարգի հիմքերը»,- ասում է վերլուծաբանը:
Ու քանի որ ԱՄՆ-ը ունի ռազմական ուժի ճնշիչ առավելություն, այս երկրի թշնամիները տրվում են կիբերհարձակումներին ու ապատեղեկատվություն տարածելու արշավներին:
Արևմուտքի իր դաշնակիցների հետ համագործակցության արդյունքում ԱՄՆ-ը կարող է սրան պատասխան տալ ուժեղ պատժամիջոցներով, վիզաների ու բանկային համակարգերում սահմանափակումների եղանակով:
Սակայն, չնայած Բայդենի վարչակազմը պատրաստում է պատժիչ գործողություններ ընդդեմ Ռուսաստանի, բարձրաստիճան պաշտոնյաները շեշտում են, թե կան բնագավառներ, որոնց շուրջ համագործակցությունը պիտի շարունակվի ռուսների հետ: Դրանց թվում են կլիմայական փոփոխությանը, Իրանի միջուկային ծրագրին, զենքերի վերահսկմանը ու մի շարք այլ հարցերի առնչվող բնագավառները: