Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թվային լուծումներ փոքր ու միջին բիզնեսների համար. Reconomy-ի ծրագիրը նոր հնարավորություններ է տալիս ձեռնարկատերերին․ տեսանյութ

Տեղի ունեցավ «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության»  Reconomy ծրագրի  համաժողովը, որը կազմակերպվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից։ Ծրագիրն աշխատում է Արևելյան գործընկերության երկրներում։ Նպատակն է խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին մշակելու  թվային լուծումներ փոքր և միջին բիզնեսի համար, օգնել փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկատերերին, որպեսզի կիրառեն թվային  այդ լուծումները։
Ծրագրի ղեկավար  Ալլա Հովհաննիսյանը նշում է. «Ծրագրի թիրախում են  երեք ոլորտներ՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և թեթև արդյունաբերությունը և  նպատակ ունի ներգրավելու կանանց ու երիտասարդներին. դա մեր ծրագրի թիրախային խումբն է»։

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն համագործակցություն է սկսել մի շարք կազմակերպությունների հետ, «Սքայ Ագրո» ընկերությունը դրանցից մեկն է։ Այն առաջիններից մեկն է Հայաստանում, որ գյուղատնտեսության մեջ կիրառում է գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և այգիների ու ցանքատարածքների մշակումները  իրականացնում է  ժամանակակից մեթոդներով։ Ընկերության համահիմնադիր Միհրան Սահակյանը կարևոր է համարում  նման ծրագրերի միջոցով փորձի փոխանակումն ու նոր համագործակցությունները.  «Մենք զբաղվում ենք թվային գյուղատնտեսությամբ և նորարարական տեխնոլոգիաներով բերքի մշակմամբ, դա հնարավորություն է տալիս մեր կլիենտներին ու ֆերմերներին տարեկան 1000 դոլարի բերքի վնասից խուսափել, որը տրակտորներն են տրորում և այլն։ Եվ եթե թվայինին են անցնում, ապա հնարավորություն է տրվում ավելի լավ բերքին հետևել, ու այդտեղ ևս մոտ 10 տոկոս ավելանում է. ՀՀ-ում միջին եկամտաբերությունը հեկտարից 10,000 դոլարի կարգի է համարվում»:

Սահակյանը նշում է, որ թվային լուծումների միջոցով ֆերմերների  աշխատանքը ավելի արդյունավետ է դառնում։ Դա է փաստում նաև այն, որ իրենց հետ համագործակցողների թիվը տարեցտարի աճում է։

Նշենք, որ համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Մոլդովայից և Վրաստանից, նաև այլ երկրների պետական մարմիններից։

Դավիթ Լևոնյան

Մանրամասները՝ տեսանյութում