Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսության համար շատ մեծ նշանակություն կունենա, եթե կարողանանք Հյուսիս-հարավ ճանապարհով Բավրայով մտնել Բաթում․ տնտեսագետը՝ տարանցիկ ճանապարհների փոփոխման մասին

Տնտեսության համար շատ մեծ նշանակություն կունենա, եթե կարողանանք Հյուսիս-հարավ ճանապարհով Բավրայով մտնել Բաթում․ տնտեսագետը՝ տարանցիկ ճանապարհների փոփոխման մասին
Տնտեսություն
18:57, 07 октябрь 2021
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է, որ Կովկասյան միջանցքի և Նորդուզից Հայաստան ճանապարհի խնդիրը շուտով կլուծվի։ Դեպի Իրան տանող ճանապարհը չի փակվի, սակայն խնդիրներ ստեղծողները պետք է հասկանան, որ դժվար կլինի վերականգնել «այրված կամուրջները»։

Փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին էլ շեշտել է, որ Իրանից Հայաստանի սահման և այնտեղից դեպի Վրաստան ու Կովկասի սահման հաղորդակցական ուղին տարածաշրջանային, միջազգային և ռազմավարական կարևոր միջանցք է, և Հայաստանն ու Իրանը այն պետք է բաց պահեն: Այդ իսկ պատճառով նախատեսվում է Գորիս-Կապանի 21 կմ հատվածին այլընտրանքային ճանապարհ կառուցել, իսկ երկարաժամկետ հեռանկարում պլանավորել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարավային հատվածի կառուցումը: 

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե խոսքը Հայաստանի տարածքով դեպի Վրաստանի նավահանգիստներ և Եվրոպա երթուղիներ ապահովելու մասին է, ապա այստեղ կարող է դժգոհություններ ունենալ Ռուսաստանը և փորձել ամեն կերպ խոչընդոտել։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը այս երթուղին կարող է դիտարկել Իրանի հետ որոշակի կապի համատեքստում, բայց այստեղ հարց է առաջանում Վրաստանի հետ կապված։ Արդյոք ռուս-վրացական խնդիրները լուծվո՞ւմ են, հեռանկարներ կա՞ն, թե՞ ոչ։ «Տարբեր հարաբերություններ փոխվում են, մենք տեսնում ենք շատ դինամիկ գործընթաց։ Այնպես որ, այստեղ լայն դիտարկման դաշտ կա՝ հասկանալու համար, թե որտեղ են քաղաքական խոչընդոտները և որտեղ՝ հեռանկարները»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներում քաղաքական մեծ խոչընդոտներ չկան։ «Ադրբեջանի և Թուրքիայի պարագան, անխոս, դիտարկում ենք։ Ադրբեջանն ու Թուրքիան բացարձակապես շահագրգռված չեն և ամեն ինչ անելու են խոչընդոտելու համար, որպեսզի Հայաստանը կոմունիկացիոն այդ սխեմաներում չլինի, բայց եթե Հայաստանը գտնի քաղաքական շահառուներ, ապա Թուրքիան և Ադրբեջանը մեծ հաշվով չեն կարողանա խոչընդոտել գործընթացներին»,- նշեց Բադալյանը։

Հարցին, թե իր խոսքում փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին շեշտել է Իրանից Հայաստանի սահման և այնտեղից դեպի Վրաստան ու Կովկասի սահման հաղորդակցական ուղու մասին, կարո՞ղ ենք ենթադրել, որ խոսքը Ռուսաստանը շրջանցելու մասին չէ, Հակոբ Բադալյանն ասաց. «Ընդհանրապես այստեղ որևէ խոշոր նախագիծ դիտարկել մի տրամաբանության շրջանակում, որ կարող է դեմ լինել որևէ խոշոր խաղացողի, կարծում եմ, որ ողջախոհ և արդյունավետ չէ, հետևաբար հայտարարությունները բոլորն ուղղված են լինելու նրան, որ այդպիսի  նախագծերը շահավետ են բոլորի համար։ Թե ի՞նչ կմտածի Եվրոպան, և ի՞նչ կմտածի Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները, որի համար կա Իրանի միջուկային հարցի խնդիրը և այլն, սա արդեն հարցի մյուս կողմն է, բայց պարզ է, որ այսպիսի նախագծերի մասին խոսելիս պետք է խոսել այն տրամաբանությամբ, որ դրանից կշահեն բոլորը։ Այդպիսի նախագծերը ոչ մեկի դեմ չեն արվում։ Սա առնվազն անհրաժեշտ է, որ այդ նախագծերն ավելորդ թշնամիներ ձեռք չբերեն»։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ այս ճանապարհը ավելի լայն մասշտաբներ է ընդգրկում՝ Հնդկաստան, Իրան, Ռուսաստան, Եվրոպա, և շահագրգիռ կողմերը բազմաթիվ են։ «Հայաստանը, միանշանակ, կարող է օգտվել դրանից։ Պարզապես պետք է թույլ չտանք այն սխալները, որ եղել են մինչ այսօր։ Խոսքը այն չարաշահումների մասին է, որոնք թույլ են տրվել շինաշխատանքների ընթացքում։ Դրա համար պետք է վերահսկողությունը լինի համատեղ՝ շահագրգիռ երկրների մասնակցությամբ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը և հավելեց, որ մրցույթները պետք է ավելի թափանցիկ իրականացվեն։ Հայաստանում էլ, ըստ տնտեսագետի, կան այնպիսի ընկերություններ, որոնք կարող են մասնակցել այդ մրցույթներին և իրականացնել շինաշխատանքներ։ 

Տնտեսագետի խոսքով՝ ՀՀ քաղաքացին և բիզնես ոլորտի ներկայացուցիչները անպայմանորեն կզգան այդ ճանապարհի դրական էֆեկտը։ 
Թաթուլ Մանասերյանը հիշեց նաև ԱԺ-ից հնչած գնահատականները, թե ինչպիսի ազդեցություն կունենա այդ ճանապարհը Հայաստանի տնտեսության վրա, և թվեր հնչեցնելը համարեց դիլետանտական մոտեցում։ «Տարբեր թվեր էին ասում՝ 15, 25, 30 տոկոս։ Դա դիլետանտության նշան է։ Չի կարելի մոտավոր բան ասել։ Երբ սկսի աշխատել՝ կկարողանանք համեմատել այդ ճանապարհի գործելու դեպքում և մինչ այդ եղած թվերը։ Ենթադրում եմ՝ դրանք երկնիշ թվեր կլինեն, բայց թե կոնկրետ ինչքան՝ կյանքը ցույց կտա։ Եվ նաև շատ մեծ նշանակություն կունենա, եթե կարողանանք Բավրայով մտնել Բաթում։ Եթե սա կարողանանք, ապա կարելի է այս խաղացողների մասնակցությամբ հնարավորություն բացել վերագործարկելու Աբխազական երկաթուղին»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։ 
 
Ըստ տնտեսագետի՝ մենք նույնպես կկարողանանք մասնակցություն ունենալ երկաթգծի կառուցման աշխատանքներին, թվերը՝ հաշվարկված, կան, և խոսքը իրատեսական թվերի մասին է։