Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն դատարանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող ապօրինի գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստ է նշանակել եկող շաբաթ

Հակակոռուպցիոն դատարանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող ապօրինի գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստ է նշանակել եկող շաբաթ
Իրավունք
10:55, 23 ноябрь 2023
 ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված անձանց (մասնավորապես կնոջը, որդիներին, դստերը, հարսներին, փեսային) պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստ է նշանակել 2023 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 15։30-ին։ Նիստը հրավիրվել է  Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում։ 

Civic.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ ՀՀ  գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմում, որը դատարանում մուտքագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 11-ին և մակագրվել է դատավոր Ն. Ավագյանին։  2023 թվականի հոկտեմբերի 11-ին Հակակոռուպցիոն դատարանի գրասենյակի կողմից կազմվել է ակտ այն մասին, որ սույն գործով հայցադիմումին կից «1» փաթեթը բացակայում է։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել  հայցադիմումի շտկված տարբերակը և կից փաստաթղթերը՝ «1» փաթեթով։

Դատարանը հոկտեմբերի 23-ին հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել, որը Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել է գործին մասնակցող անձանց։ 

Նշենք, որ Դատախազության կողմից նախնական ուսումնասիրության արդյունքում ապօրինի է դիտարկվել և ապահովման միջոցներ են կիրառվել  20 անշարժ գույքի նկատմամբ։ Դատախազության տեղեկացմամբ (հուլիսի տվյալներով)՝ կալանքի տակ դրված 20 անշարժ գույքի թվում են՝ Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքերի բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ: Բռնագանձման է ենթակա նաև Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունն ու Իսակովի պողոտայում գտնվող 2 անշարժ գույք։  Արգելանք է դրվել նաև «Տոյոտա Երևանի» 30 տոկոսի, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի, «Կոնգրես» հյուրանոցի և Play city ժամանցի կենտրոնի վրա: 20 գույքի ընդհանուր շուկայական արժեքը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: 

Նշենք, որ սույն քաղաքացիական հայցով պատասխանող հանդիսացող Լևոն Քոչարյանը,  որը (ըստ ԿԸՀ 2021-ին ներկայացված հայտարարագրի) բաժնեմասեր ունի  «Նաիրի ինշուրանս»-ում՝ 60 տոկոս, «Զեմկոմինվեստ»-ում՝ 50 տոկոս, «Սփեյս մենեջմենթ»-ում՝ 33,3 տոկոս, և «Էքզել աութդորս»-ում՝ 0,70 տոկոս բաժնետոմս, նոյեմբերի 14-ին երդվեց և ԱԺ պատգամավոր դարձավ։  

Հ. Մ.