Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրորդ քաղհայցն է ներկայացրել նախկին դեսպան, նորահայտ STAND UP-եր Էդգար Ղազարյանի դեմ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրորդ քաղհայցն է ներկայացրել նախկին դեսպան, նորահայտ STAND UP-եր Էդգար Ղազարյանի դեմ
Իրավունք
14:06, 30 декабрь 2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական քաղհայցն է ներկայացրել նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Այս մասին civic.am-ը  տեղեկացավ datalex.am կայքից։ Հայցադիմումը Արարատի և Վայոց ձորի մարզի դատարանն ստացել է  երեկ՝ դեկտեմբերի 29-ին։ 

Նշենք,  որ դատական հայցի առիթը նորաթուխ STAND UP-եր Էդգար Ղազարյանի կողմից Ալեն Սիմոնյանի մասին արված «բացահայտումներն են»՝ վերջինիս մասնավորապես  «կոռուպցիոներ» լինելու մասին։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի  Էդգար Ղազարյանի մենախոսությունն Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, հանդես էր եկել գրավոր պարզաբանմամբ․ «Առհասարակ անգրագետ սլայդ-շոուները մեկնաբանելը համարում եմ անպտուղ գործ։ Մանավանդ, որ շուտով դատական հայց է ներկայացվելու բազմիցս հերքված և հնչած անհիմն մեղադրանքների առնչությամբ»: 

Խաչատրյանը միաժամանակ նշել էր․ «Բայց մի բան չվրիպեց տեսադաշտից։ Տվյալ սլայդ-շոուն եթեր է հեռարձակվել 168.am կայքի յութուբյան ալիքով, ինչից կարելի էր հետևություն անել ընդամենը, որ կայքի գլխավոր խմբագիրը կա՛մ Էդգար Ղազարյանի համակիրն է, կա՛մ, օրինակ, պրոդյուսերը։ Երևի պրոդյուսերի վարկածն առերևույթ առավել արժանահավատ է, քանի որ կայքի գլխավոր խմբագիրը համատեղությամբ նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն է։ Եվ ահա, օգտվելով նախագահ լինելու հանգամանքից, կայքի գլխավոր խմբագիրը որոշում է Էդգար Ղազարյանի սլայդ-շոուի վերաբերյալ անոնս տեղադրել նաև Ժուռնալիստների միության էջում՝ «ՇՈՒՏՈՎ» գրառմամբ։ Անհասկանալի է սեփական բիզնեսը Ժուռնալիստների միության էջով գովազդելու միտումը, քանի որ, ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացումը, անգամ Ժուռնալիստների միության էջով տեղադրած անոնսը չաշխատեց շատ քիչ դիտում արձանագրած սլայդ-շոուի համար։ 

Ուստի տարակուսելի է, թե ինչպես են Ժուռնալիստների միության անդամները թույլատրում իրենց համքարությանը պատկանող էջով միության նախագահի բիզնեսին նպաստող անոնսի տեղադրումը։ Դժվար է հավատալ, որ, օրինակ, միության մյուս անդամները ևս ունեն այդ հնարավորությունը՝ իրենց կայքերի դիտումներն ավելացնելու համար նյութերը կիսվել միության էջով։ Ինչևէ, Հայաստանի ժուռնալիստների միությունը փաստացի մնացել է 2017-2019 թթ. միջակայքում։ Բանն այն է, որ իրենց կայքի տվյալների համաձայն՝ դեռ վարչության անդամներ են այն անձինք, որոնք մասնավոր զրույցներում նշեցին, որ վաղուց ոչ մի կապ չունեն միության հետ։ Ըստ տրամաբանության՝ ամենաօպերատիվ թարմացվող կայքը պետք է լիներ Ժուռնալիստների միության կայքը, ինչն այդպես չէ, իսկ թե ինչու, արդեն մեր հետաքրքրության ոլորտից դուրս է։ Ի դեպ, մեկ օրից ավելի Ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում սլայդ-շոուի վերաբերյալ անոնսը երեկ օրվա երկրորդ կեսին այլևս չկար։ Լրագրողների իրավունքները պաշտպանելու առաքելություն ունեցող, փաստացի անփույթ գործող կառույցը չենք զարմանա, եթե անդամագրած լինի մասնագիտությամբ ոչ լրագրող Էդգար Ղազարյանին, հենց թեկուզ  նրա համար, որ լրագրող բառն արտաբերում է երկու ռ-ով՝ լՌՌագրող»։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ մեկ այլ քաղհայց էր ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ՝  զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 2-ին։ Դեկտեմբերի 13-ին կայացել է նախնական  դատական  նիստ, հաջորդ նիստի օր է նաշանակել հունվարի 23-ը։ 


 Հ․Մ․