Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես որևէ տվյալ չունեմ Դավիթ Սանասարյանի անմիջական ներգրավվածության մասին. Արսեն Թորոսյանը՝ հեմոդիալեզի պարագաների բնութագրերի փոփոխության գործի մասին

Ես որևէ տվյալ չունեմ Դավիթ Սանասարյանի անմիջական ներգրավվածության մասին. Արսեն Թորոսյանը՝ հեմոդիալեզի պարագաների բնութագրերի փոփոխության գործի մասին
Իրավունք
11:23, 06 октябрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: 

Այսօրվա նիստի ժամանակ որպես վկա դատարանում հարցաքննվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Նա իր ցուցմունքում նշեց, որ իրադարձությունները սկսվել են 2018 թվականի աշնանը, և խոսքն այն մասին է, որ ՊՎԾ աշխատակիցների կողմից միտումներ են նկատվել բժշկական կենտրոններում գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի փոփոխության, և այդ միտումների վերաբերյալ իր եզրակացությունը եղել է այն, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, այսինքն՝ դա պարզապես իրենց գործառույթներով պայմանավորված գործունեություն չի եղել, այլ դրա տակ կա շարք։ 

«Մի միջադեպ եղել է առողջապահության նախարարության հենց ուղիղ հայտարարած գնումների մասով, և ինձ իմ աշխատակիցները հայտնեցին, որ հետաքրքրվածություն կա ՊՎԾ ծառայողերի կողմից տեխնիկական բնութագրերի և մրցույթի արդյունքների վերաբերյալ։ Դրա վերաբերյալ ես զրույց եմ ունեցել ՊՎԾ ղեկավարի հետ՝ պարզելու այդ հետաքրքրվածության հանգամանքը։ Երկրորդ դրվագը, որը հետո հիմք հանդիսացավ, որ ես իմ ունեցած ամբողջ տեղեկատվությունը կիսեմ ԱԱԾ-ի հետ, որպեսզի պարզեմ՝ արդյոք այստեղ իրոք կա՞ ինչ-որ բան, թե՞ մենք ընդամենը կասկածում ենք, վերաբերում է դիալեզի պարագաների մրցույթներին, հատկապես մեզ ենթակա բժշկական կենտրոնին, բայց հետագայում նաև պարզվեց, որ այլ բժշկական կենտրոններում էլ է եղել նույն  պրոցեսը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դիալեզի պարագաների մրցույթին, բայց նաև պարզ է, որ նման բան եղել է «Վանաձորի» ԲԿ-ում, և մի դրվագ էլ կա, որը վերաբերում է Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի (հիմա կոչվոմ է Թոքաբանության ազգային կենտրոն) մրցույթին, բայց դրվագը հատկանշական է այս գործի տրամաբանության մեջ, որ ՊՎԾ-ն իր, այսպես կոչված, լիազորությունների շրջանակներում մի անհաջող մրցույթի մասնակցելուց հետո  ցուցաբերել է ոչ այդքան հասկանալի վարքագիծ՝ շատ կոպիտ ձևով ներխուժելով ԲԿ-ի տարածք և մեղադրելով ԲԿ-ի տնօրենին, որ հայտարարել են մրցույթ տեխնիկական վերանորոգման համար, որն աշխատում է, այն դեպքում, երբ ԲԿ-ում եղել է երկու ռենտգենի սարք, որոնցից մեկն էր փչացել, որի համար մրցույթ էին հայտարարել։
Թորոսյանը տեղեկացրեց, որ դա հաջորդել  է մի դեպքի, երբ ՊՎԾ աշխատակիցներից մեկը հետաքրքրված է եղել մի ուրիշ մրցույթվ, որը չի հաղթել։

Դրանից հետո եղել է նախաքննություն, որի ժամանակ Արսեն Թորոսյանը ցուցմունքներ է տվել, և առերեսում է եղել։

«Ես կարծում եմ, որ սա ՊՎԾ աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական դիրքի օգտագործում է, որը տնտեսական շահ ստանալուն  է միտված եղել, իսկ ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի անմիջական ներգրավվածությանն այս ամեն ինչին, ես որևէ նման տվյալ չունեմ։ Այսինքն՝ որ Դավիթ Սանասարյանը հատուկ թույլ է տվել իրենց դա անել՝ իմանալով, որ նրանք տնտեսական շահ են հետապնդում»,- ասաց Արսեն Թորոսյանը։