Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցարարին նյութապես շահագրգռելու գործով Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ոչ թե կասկածյալի․ Քննչական կոմիտեի խոսնակը՝ փաստաբանին

Ցուցարարին նյութապես շահագրգռելու գործով Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ոչ թե կասկածյալի․ Քննչական կոմիտեի խոսնակը՝ փաստաբանին
Իրավունք
18:20, 31 май 2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է վկա-կասկածյալի կարգավիճակով իրեն վերաբերող քրեական գործի շրջանակում, որը հարուցվել էր դեռևս մայիսի 6-ին և քննվում է ՔԿ Արմավիրի քննչական վարչությունում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորի փաստաբան Սերգեյ Հարությունյանն ու հավելեց, որ հաշվի չի առնվել, որ Արծվիկ Մինասյանը ԱԺ պատգամավոր է, և ԱԺ պատգամավորի հետ կապված քրեական գործը կարող է քննել միայն ՀՔԾ-ն. «Ավելին՝ հաշվի չի առնվել, որ Արծվիկ Մինասյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, և իրեն կանչում են հարցաքննության որպես կասկածյալ։ Սա, կարելի է ասել, քրեորեն հետապնդելի է՝ հանցագործություն է»։ 

Փաստաբանի խոսքով՝ իրենք քննչականում հրաժարվել են որևէ գործողություն կատարելուց և գրել են, որ համապատասխան հոդվածների խախտումը համարում են հանցագործություն՝ խնդրելով գրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և հարուցել քրեական գործ։ 

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է մամուլի այն հրապարակման հիմքով, որտեղ մի տղամարդ պատմել է, որ Արծվիկ Մինասյանն ու Տարոն Մարգարյանն իրեն նյութապես շահագրգռել են ընդդիմության հավաքներին մասնակցելու համար։ Պատգամավորի փաստաբանը մեկնաբանում է, որ Արծվիկ Մինասյանը պետք է պատասխաներ՝ արդյոք ինքն արե՞լ է այդ արարքը, թե՞ ոչ, այսինքն՝ կասկածի շրջանակում է հարցաքննվել։ 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատախազությունը այս պահին չի կարող որևէ գնահատական տալ դրա կապակցությամբ՝ նկատի ունենալով, որ գործի շրջանակներում է այդ գործողություններն արվել. «Եթե կողմը գտնում է, որ այդտեղ հանցագործության հատկանիշներ կան, և հաղորդում կներկայացնեն դրա վերաբերյալ՝ դատախազությունը պատշաճ իրավական ընթացակարգ կապահովի, դրա շրջանակներում նաև իրավական գնահատականներ կտրվեն»։

Մինչդեռ Արծվիկ Մինասյանի փաստաբանն ընդգծեց, որ դատախազությանն առանձին ոչինչ չեն ներկայացնելու, քանի որ վստահ են, որ դատախազությունը տեղեկացված է այդ մասին մամուլի հրապարակումներից, Արծվիկ Մինասյանի ասուլիսից, և պետք է արդեն իսկ գործողություններ ձեռնարկեին։ 

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն էլ ի պատասխան մեր այն հարցի՝ ի՞նչ կարգավիճակով է ընդդիմադիր պատգամավորը հարցաքննվել՝ վկայի՞, թե՞ վկա-կասկածյալի, պատասխանեց. «Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ոչ թե կասկածյալի»։ 

Նարա Մարտիրոսյան