Ծանր վիրավորանքով հարուցված քրեական գործերը կկարճվեն, եթե անձի արարքում այլ հանցակազմի հատկանիշներ չլինեն․ ԱՆ խոսնակ
Ծանր վիրավորանքը, որը դեռևս 2021թ. օգոստոսի 30-ին քրեականացվել էր՝ մոտ մեկ տարի անց՝ հուլիսի 1-ից, ապաքրեականացվում է։

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը նշեց, որ ծանր վիրավորանքի հոդվածով հարուցված վարույթները հուլիսի 1-ից կկարճվեն․ «Այն բոլոր գործերը, որոնք գնացել են դատարան, եթե անձի արարքում այլ հանցակազմի հատկանիշներ չլինեն՝ ապա նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն»։ 

Մենք կապ հաստատեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու մինչ օրս քանի քրեական գործ է հարուցվել ծանր վիրավորանքի հոդվածով, որին ի պատասխան գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ վերջին վիճակագրության տվյալներն ապրիլի 1-ի դրությամբ են․ «Ապրիլի 1-ի դրությամբ դատախազության կողմից ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51, անձի վերաբերյալ 48 գործ»։

Նշենք, որ ըստ դատախազության հաղորդագրության՝ քրեական գործերից 621-ը, այսինքն շուրջ 77.5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22.5%-ը այլ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով։

Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան էր ճանաչել քրեական օրենսգրքի 137․1 հոդվածը՝ ծանր վիրավորանքը։ Այս հարցով ՍԴ էր դիմել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Իսկ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հրապարակեց, որ վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում․ «Այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով»,-գրել էր նա։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ծանր վիրավորանքը ապաքրեականացվելուց հետո թիրախավորված անձինք կարո՞ղ են դիմել քաղաքացիական դատարան՝ պատասխանատվության ենթարկելու իրենց վիրավորանք հասցրած անձին։ Ի պատասխան մեր այս հարցի՝ փաստաբանն արձագանքեց․ «Քաղաքացիական հայց ներկայացնելը բացառապես տվյալ սուբյեկտի կամարտահայտությունն է։ Եթե կամենան՝ միջնորդություն կարող են ներկայացնել, որ քաղաքացիական դատարան դիմելու սահմանված ժամկետները չպահպանելը հարգելի համարվեն, որովհետև կարծել են, որ քրեաիրավական մասով բավարարում կստանան՝ ապա այդ պարագայում կարող են դատարանները հարգելի համարեն ժամկետների չպահպանումը՝ կախված թե միջնորդության հիմքում ինչ կդրվի»։ 

Նարա Մարտիրոսյան