Ուսումնական տարվա մեկնարկը տրված է․ Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց մեկարկել է նաև Ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։ Ավանդույթի համաձայն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվել է ուսումնական տարվա մեկնարկին՝ նախապես որոշելով, թե որ ուսումնական հաստատության շրջակայքում որ ստորաբաժանումներն են ծառայություն իրականացնելու:


 

Պարեկային ծառայության կարգախմբերը և Համայնքային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում ու մարզերում դպրոցների բակերում և մերձակա տարածքներում հետևել են երթևեկության անվտանգության ապահովմանն ու հասարակական կարգի պահպանմանը։



Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-12-ը ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով միջոցառումներ։ Հանրապետության հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝

  • տարրական դասարանների երեխաներին ուղեկցել դպրոց և չթողնել առանց հսկողության,
  • տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին,
  • երթևեկելիս լինել խիստ ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,
  • մեքենաները չկայանել արգելված գոտիներում։

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել օրինահարգ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: