Համաքաղաքացուն սպանած 42-ամյա կապանցին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 49-ամյա մորեղբոր դիակը՝ արյունլվա և գլուխը վնասված վիճակում։

 


Սպանության հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:


 

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, պարտքուպահանջի շուրջ վիճաբանություն է եղել 49-ամյա տղամարդու և 42-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ վերջինս մուրճով մի քանի անգամ հարվածել է 49-ամյա տանտիրոջ գլխին՝ պատճառելով մահ, ապա խառնել է տան իրերը՝ ստեղծելով գողության կեղծակերպում։


 

Կապան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդը օգոստոսի 29-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։


 

Հանցագործության գործիք մուրճը հայտնաբերվել է։


 

Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրությունում: