Կարապետյանները ձև չունեն, նրանց «ձևը» կաշառելն ու վախեցնելն է

Առաջիկայում մեկնարկելիք ԱԺ նստաշրջանին ընդդիմությունը նախկինի պես ներկայանալու է առանց օրակարգի ու ողջ ուժով հակադրվելու է կառավարող ուժի օրակարգին, իշխանությունն ասելու է մի բան, ընդդիմությունն ամբողջ ուժով փորձելու է հերքել ու հակառակ պնդումներն անել։  Сivic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ «Ընդդիմությունը  երբևէ օրակարգ չի ունեցել, նրանցը ռեակտիվ գործողություններն են։ «Քաղացիական պայմանագիր»-ն ասաց խաղաղություն է լինելու, ասում են՝ չէ, պատերազմ է լինելու։ Ասում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակում ենք նախաձեռնում, ասում են՝ չէ, դա վատ բան է, գալու ենք, չեղարկենք։ Այժմ էլ գալու են ու էլի մեր ասածի լրիվ  հակառակ բաներն ասեն»,-նշեց Հակոբյանը։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ապա դրա հրապարակումից հետո մի քանի ժամում միանգամից հօդս ցնդեցին այն կեղծ թեզերը, որոնցով այսքան ժամանակ ընդդիմությունը կերակրում էր իր լսարանին։ Ընդդիմությունը միայն ի վիճակի է ծաղրել  կառավարող ուժին, որևէ բովանդակային քննադատության ունակ չէ «Իրենց ամբողջ ասածն այն է, թե ինչպես նստեց վարչապետը, գիրքն ինչպես բռնեց, ինչ դիրքով բանակցեց, քանի անգամ ժպտաց և այլն»։ Թե՛ խաղաղության համաձայնագրի տեքստը, թե՛ ՀՀ-ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված  փոխըմբռնման հուշագրերը ապացուցեցին, որ «միջանցք» կոչեցյալը, որով այդքան վախեցնում էին ժողովրդին, գոյություն չունի՝ նկատում է կառավարող ուժի ներկայացուցիչը։ «Փոխարենը գրված են «միջանցքի» հականիշները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանության հարգում, իրավազորություն։ Սրանք հականիշներն են միջանցքի տրամաբանությանն ու միջանցքին»։

 

Անդրադառնալով ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբորորդու համակարգմամբ ազդարարված  ապաքաղաքական-կամավորական շարժմանը՝ «Մեր ձևով», որի հիման վրա հետագայում պետք է կուսակցություն ձևավորվի և մասնակցի ԱԺ ընտրություններին Հասմիկ Հակոբյանը նկատեց՝ այս պրոցեսի  նպատակն արդեն իսկ հայտնի է՝ Գյումրիի  ՏԻՄ ընտրությունների սցենարի կրկնությունը։ «Այսինքն, դուք ձայն տալով Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին կամ Կարապետյան ազգանունով որևէ մեկին դուք ձայն եք տալիս ուղիղ Սերժ Սարգսյանին, ուղիղ Ռոբերտ Քոչարյանին»,-կարծում է մեր զրուցակիցը։  ՔՊ-ական պատգամավորը համոզմունք  հայտնեց, որ ՀՀ քաղաքացին, որը շատ լավ է ըմբռնում քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսները, բավականաչափ  շրջահայաց կգտնվի իր քվեն այս կամ այն՝ նախկինների հետ փոխակակցված ուժին տալու հարցում։

 

Սերժ Սարգսյանի այսօրվբա ուղերձի որոշ ձևակերպումների, ԼՂՀ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի հայտարարության և այլ հարցերի վերաբերյալ  Հասմիկ Հակոբյանի հետ մեր զրույցի մանրամասները՝ տեսանյութում։  

 

Հեղինե Մանուկյան